Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կրթական ռեսուրսներն ու մանկական գեղարվեստական գիրքը կնպաստեն մեդիագրագիտության զարգացմանը

Նոյեմբեր 07,2024 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրային լրագրության ակումբի ջանքերով և Եվրոպական միության ֆինանսավորմամբ հայերեն թարգմանված և տեղայնացված՝ «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գիրքն ու դասավանդողների համար ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանման ուղեցույցը կօգնեն երեխաներին ճիշտ կողմնորոշվել համացանցում և հնարավորինս անվտանգ օգտվել թվային սարքերից։

Հայաստանում մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 6-ին, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում Երևանի և մարզերի նախակրթարանների ու տարրական դասարանների մանկավարժներին, մեթոդիստներին, ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողերին, դասախոսներին ու ՀԼԱ գործընկեր կառույցների ներկայացուցիչներին ներկայացվեցին թարգմանված կրթական ռեսուրսների բովանդակությունը, ինչպես նաև մեդիագրագիտության և թվային անվտանգության մարտահրավերները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը և Մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Իսկ նույն համալսարանի դասախոս, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Պողոսյանը խոսեց Հայաստանում մեդիագրագիտության դասավանդման կարևորության մասին ու թե ինչպես արդյունավետ դարձնել կրթական գործընթացը։

«Թվային դարաշրջանում համացանցը երեխաների համար դարձել է կյանքի անբաժանելի մաս, սակայն իր բոլոր հնարավորություններով հանդերձ թվային աշխարհը պարունակում է նաև բազմաթիվ ռիսկեր և մարտահրավերներ: «Առցանց կենդանաբանական այգի» գիրքն առանձնահատուկ է նրանով, որ օգնում է փոքրիկներին հասկանալ թվային անվտանգության հիմունքները՝ իրենց հասկանալի և հետաքրքիր լեզվով: Իսկ ուղեցույցներն օգնում են մանկավարժներին մեդիագրագիտությանն ուղղված կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու հարցում»,- նշեց ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայացված կրթական ռեսուրսները կօգնեն և՛ փորձառու մանկավարժներին, և՛ ապագա ուսուցիչներին, և՛ ծնողներին ու խնամակալներին՝ նպաստելու, որպեսզի մեր փոքրիկ քաղաքացիներն անվտանգ կողմնորոշվեն թվային աշխարհում և ձևավորվեն որպես մեդիագրագետ քաղաքացի։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, Քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեշինգերի խոսքով՝ տեղեկատվությամբ լի միջավայրում մեդիագրագիտությունը հիմնարար հմտություններից է։

«Շատ կարևոր է, որ հասարակությունը, հատկապես՝ երիտասարդությունը կարողանա քննադատորեն գնահատել այն բովանդակությունը, որը կա մեդիաթվային հարթակում։ Մեդիագրագիտությունը ժողովրդավարության անկյունաքարն է, որի արդյունավետ գործելու համար կարևոր է խթանել հմտություններն այդ ոլորտում»,- նշեց Յան Պլեզինգերը՝ հույս հայտնելով, որ դասավանդողների միջոցով հնարավոր կլինի ճիշտ տեղեկատվությունը հասցնել երիտասարդներին և նրանց ավելի դիմակայուն դարձնել մեդիագրագիտության շնորհիվ։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն էլ նկատեց, որ դեռ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել օգտվել ճիշտ աղբյուրներից և իրենց ընտրությունը մեդիադաշտում ճիշտ կատարել։ Այս առումով նա ընդգծեց Մանկավարժական համալսարանում մեդիագրագիտության վերաբերյալ նոր առարկաների ներդրումն ու նախագծերի իրականացումը։

12-ամյա Ստելլա Սահակյանը, ով «Առցանց կենդանաբանական այգին» գերմաներենից թարգմանել է հայերեն, ներկաների հետ կիսվեց իր փորձով, ինչպես նաև գրքից քաղած իր գիտելիքներով։ Ստելլան նշեց, որ ծանոթանալով գրքի բովանդակությանը, սկսել է ավելի քիչ օգտվել բջջային հեռախոսից ու համացանցից։

Միջոցառման ավարտին շուրջ 70 ներկաների բաժանվեց գրքի և ուղեցույցի մեկական օրինակ։

Ի դեպ, «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գիրքն ու դրան կից մեդիագրագիտության ուղեցույցը, ինչպես նաև դասավանդողների համար ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային անվտանգության ուղեցույցը հասանելի են Հանրային լրագրության ակումբի կայքէջում։

Հանրային լրագրության ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930