Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Տրանսպորտը սոցիալական հարց է լուծում, տրանսպորտը բիզնես չի, համայնքը չպետք է փող աշխատի»

Նոյեմբեր 07,2024 16:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որի ղեկավարած ուժը ստորագրահավաք է սկսել ընդդեմ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտի ուղեվճարի թանկացման, հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում 6885 ստորագրություն է հավաքվել: Այսօր ստորագրահավաքը շարունակվեց Հանրապետության հրապարակում:

Լրատվամիջոցների հետ զրույցում Հայկ Մարությանը ստորագրահավաքի գրանցած արդյունքները գնահատեց շատ լավ: «Մարդիկ շատ ակտիվ են մասնակցում, որովհետեւ իրենց առօրյա կյանքի մասին է խոսքը: Առավել եւս, որ մի բան է կատարվում, ինչը հետագայում նրանց խանգարելու է՝ գնալ աշխատանքի, վերադառնալ տուն: Իրականում, եթե կարողանայինք բոլորին հասնել, շատ-շատ կհավաքվեր: Մարդկանց 95 %-ը, բնականաբար, շատ դեմ է այս ամենին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2013 թվականին, ինքը եւ իր բազմաթիվ թիմակիցները ընդդիմանում էին 100 դրամից ավելի վճարելու իշխանության գաղափարին, իսկ այսօր մյուսները քար լռություն են պահպանում՝ ինչո՞վ է ինքը սա պայմանավորում եւ արդյոք խոսե՞լ է Լուլուի՝ Լուսինե Բադալյանի, Ալեն Սիմոնյանի հետ՝ հասկանալու, թե ինչու են այսօր լռում, Հայկ Մարությանն պատասխանեց. «Կարծում եմ, պատասխանը շատ պարզ է: Իրենք իշխանության են, տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական մեքենաներից: Ընդ որում, ինձ համար շատ անհասկանալի թանկ մեքենաներից: ԱԺ նախագահը, անգամ քաղաքապետը կարող է մեքենա ունենալ, բայց դրանք շատ պարզ, ամենաէժան մեքենաները պետք է լինեն, որովհետեւ մեքենայի գնով եւ որակով չի գնահատվում ԱԺ նախագահի, քաղաքապետի կամ այլ պաշտոնյայի դիրքը, անելիքը, ծառայությունը:

Իրենք հստակ տեսնում են, թե ինչ է կատարվում: Եթե ցանկություն ունենան, կմիանան»:

Լրագրողները նշեցին, որ Երեւանի ներկայիս քաղաքապետը վերջերս ասել է, թե հնարավոր չէ, որ 30 տարի տրանսպորտը 100 դրամ լինի: Այսինքն, եթե տրանսպորտի որակ ենք ուզում, այդ գումարը պետք է փոխվի: Հետեւաբար, ինչպե՞ս է պահպանվելու 100 դրամը: «Մեր ժամանակ, երբ սկսեցինք ռեֆորմը, սուբսիդավորում էինք 2 մլրդ. դրամի չափով: Վստահաբար, հիմա մուտքերը, համեմատած իմ քաղաքապետ եղած ժամանակվա հետ, շատ են ավելացել: Եվ ես վստահ եմ, որ այո, դա կարելի է անել: Համայնքը պետք է սուբսիդավորի, իսկ եթե չկարողանա, պետությունը պետք է դա անի, որովհետեւ համարյա պետության կեսը Երեւանում է ապրում եւ աշխատում»:

Իսկ այն հիշեցմանն ի պատասխան, որ այսօրվա քաղաքային իշխանությունը Հայկ Մարությանի այս նախաձեռնությունը պոպուլիստական է որակում՝ ասելով, որ իր քաղաքապետ եղած ժամանակ են ձեռք բերվել գազելներ, որոնք անսարք են եղել, իսկ Տիգրան Ավինյանը ասում է, որ աղբահանությունը իր ժամանակ ահավոր վիճակում է եղել, Երեւանի նախկին քաղաքապետը նախ ծիծաղեց, ապա հակադարձեց. «Ամեն մեկն ինչ ուզի՝ կարող է ասել: Կարեւոր է, թե ով ինչ է անում: Ժողովուրդը սա պետք է նայի: Բնականաբար, 100 դրամը կարող է պահպանվել: Ռեֆորմը ես եմ սկսել, ավտոբուսները ես եմ սկսել բերել՝ եւ 8,6 մետրանոց JONG TONG-ները եւ MAN-երը: Իմ օրոք են պայմանագրերը կնքվել: Եթե խոսքը ԳԱԶ գործարանի 6,6 մետրանոց մինի բասերի մասին է, այո, դա իմ ժամանակ է բերվել, եւ դրանք շատ նորմալ աշխատում են: Ավագանու անդամներից մեկը շատ պարզ գրեց թվերով: Նույն օրը քաղաքապետին զեկուցվեց, որ 100 մինի բասերից 12-ը չեն դուրս եկել, ինչը 12 %-ն է: Եվ ամեն մեկը 250 հազար եվրո արժողությամբ գերմանական թանկ 87 MAN-երից 10-ը դուրս չի եկել, ինչը 11,2-11,3 %-ն է: Այսինքն, մոտավորապես նույն տոկոսով են փչացած թե ԳԱԶ գործարանի արտադրանքը, թե ՄԱՆ-երը: Եվ շատ ավելի էժան ԳԱԶ-երը իրենց գերխնդիրը կատարել են, որովհետեւ այն ժամանակ մարդկանց տեղ հասցնելու համար ուղղակի տրանսպորտ չկար: Համայնքը գումարներ չուներ: Ես բազմիցս կառավարությանը խնդրեցի՝ բացատրելով, որ լրջագույն կրիզիս է քաղաքում, որ մեզ գումարներ են պետք, որպեսզի ավտոբուսներ բերենք: Կառավարությունը մերժեց՝ ասելով՝ դուք, ձեր համայնքը: Ինչ ուզում եք արեք: Բնականաբար, դու էլ պետք է շարժվես քո ֆինանսների չափով: Հիշեցնեմ, որ MAN-երի գումարը հիմա կառավարությունն է տվել: Էժան ավտոբուսները մինչեւ այսօր էլ շատ նորմալ աշխատում են: Միայն թե չեն կարողանում իրենց պարկը նորմալ պահել:

Նույն բանը աղբահանության ոլորտում կարող ենք տեսնել: Երբ մենք սկսեցինք, խնդիր էր դրված, որ աղբը 80 %-ից ավելի չպետք է աղբամանի մեջ լինի: Եվ դա պահվում էր: Հիմա, երբ դա այլեւս չի կարողանում աշխատել, իրենք աշխարհում ամեն ինչ կասեն, բացի խոստովանությունից, որ իրենք ուղղակի կառավարում չեն կարողանում անել»:

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ եթե ինքը եթե մնար քաղաքապետ, տրանսպորտի ուղեվարձը չէր թանկանա. «Ես միշտ ասել եմ, որ դեմ եմ թանկացմանը, ես դա չեմ անելու, իմ օրոք տրանսպորտը չի թանկանալու: Ասել եմ ու եւս մեկ անգամ պիտի կրկնեմ: Ոչ մի կորելիացիա չպետք է լինի տրանսպորտի ինքնարժեքի եւ գնի միջեւ: Որովհետեւ տրանսպորտը սոցիալական հարց է լուծում: Տրանսպորտը բիզնես չի, համայնքը չպետք է փող աշխատի: Բնականաբար, լավ պարկ ունենալը շատ ավտոբուս ունենալը շատ ավելի թանկ է նստում: Բայց խոսքը սուբսիդիայի մասին է, այն մասին է, որ պետությունը, այս դեպքում՝ համայնքը, պետք է սա սուբսիդավորի: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր մոտ տրանսպորտից օգտվում են մարդիկ, որոնք այլ տրանսպորտային միջոց իրենց թույլ տալ չեն կարողանում եւ ստիպված երթեւեկում են տրանսպորտով: Ստիպված, որովհետեւ մեր տրանսպորտը դեռ այսօր էլ շատ հեռու է եվրոպական չափանիշներով լավ տրանսպորտ լինելուց: Բայց անկախ ամեն ինչից, դա չի նշանակում, որ պետք է թանկացում լինի»,-ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930