«Կարևոր է մեր բանկային համակարգերի ինտեգրումը եվրոպական ֆինանսական շուկայական համակարգերին»,- Երևանում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Եվրոպական բանկերի հետ համագործակցության տարածաշրջանային մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովի ընթացքում կարծիք հայտնեց Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեն։
Ըստ նրա՝ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է երկրների բանկային համակարգերի ուժեղացման համար․ «Այս ֆորումը նպաստում է մարտահրավերներն ու հնարավորությունները քննարկել տարածաշրջանային և եվրոպական ինստիտուտների հետ, քննարկել նաև եվրոպական ֆինանսական համակարգերի ինտեգրացիայի հետ կապված հարցեր»։
Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (ԿԱԵԲԱ-BACEE) գլխավոր քարտուղար Իստվան Լենգիելը, հայտարարելով՝ իրենք համարում են, որ ՀՀ-ն Եվրոպա է, ասաց․ «Մեր ասոցիացիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիա է, ունի լավ հարաբերություններ հայկական բանկերի հետ, որովհետև Հայաստանը Եվրոպա է։ Հայաստանյան բանկերից «Էվոկաբանկը», «Յունիբանկը», «Կոնվերս» բանկը մեր անդամներն են»։
Իստվան Լենգիելը նշեց՝ իրենց հիմնական առաքելությունն է ժամանակակից լուծումները հասանելի դարձնել բանկերի համար․ «Սա միակողմանի գործընթաց չէ։ Կարևոր է, որ մենք համադրում ենք խոշոր արևմտյան բանկերն և փոքր երկրների բանկերը։ Եթե բանկերն ուզում են լինել լսված և ապահովեն տեսանելիություն, մեր համաժողովները մեծապես նպաստում են դրան»։
Նա կարևորեց նաև այն կարգավորումները, որոնց պետք է համապատասխանեն փոքր երկրների բանկերն ու կազմակերպությունները, որպեսզի կարողանան ինտեգրվել խոշոր բանկային համակարգերին, կարևոր է, որ լինեն նույն կարգավորումների համակարգում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հայաստանի բանկերի միության ֆեյսբուքյան էջից