«Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության», – հայտարարում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ն փորձում է արագացնել Հայաստանի կողմից արևմտամետ արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը «Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված մեթոդների կիրառմամբ»։
«Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական ուղղվածություն հաղորդելու խնդիր է դրված։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ նախաձեռնել, որի նպատակներից է լինելու նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հեռանկարների վարկաբեկումն ու Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների վրա կիրառվող «ճնշումների» մասին տեղեկությունների տարածումը:
ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը ստիպված կլինի վճարել՝ հրաժարվելով սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և ԵԱՏՄ-ի իրենց ամենամոտ գործընկերների հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք և ապահովել են Հայաստանի տնտեսության դինամիկ աճը վերջին տարիներին», – նշված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։