Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգի Գարանյանին անվանում էին Խորհրդային Միության Սաքս-խորհրդանիշ

Նոյեմբեր 07,2024 15:33

Հայտնի անհայտ Գեորգի Գարանյան. այս խորագրով օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ անվանի երաժիշտ Գեորգի Գարանյանի ծննդյան 90–ամյակին նվիրված ջազային և կամերային նվագախմբերի փոխնիփոխ կատարումներով հոբելյանական համերգը, որի ընթացքում կոմպոզիտորի արվեստի երկրպագուները գերագույն հաճույքով ըմբոշխնեցին խորհրդային ժամանակների ջազի և կինոերաժշտության, իր ժամանակի թերևս ամենահայտնի սաքսոֆոնահարի, կոմպոզիտորի և «Մելոդիա» ջազ-նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավարի բազմաբնույթ, բազմաժանր ստեղծագործությունները:

Վայելում էին հայտնի և շատ սիրված կինոֆիլմերի համար գրված ու կատարված ստեղծագործությունները, հիացմունքով հետևելով նաև Գարանյանի այն հրաշալի գործերին, որոնք տասնյակ տարիներ նույնիսկ չէին էլ հնչել իր կենդանության օրոք և միայն հետմահու հնարավորություն ստեղծվեց բեմից հնչեցնելու անսովոր արվեստագետի բարձրարվեստ երկերը:

Ի պատիվ հենց Գարանյանի, որն իր մահկանացուն կնքել է 2011 թվականին, 77 տարեկան հասակում (ծնվ. 1934թ. Մոսկվա), մեր օրերում պահպանվել է կյանքի օրոք Մոսկվայում իր իսկ հիմնադրած «Մելոդիա» ջազային նվագախումբը, որն ամենից շատ հայտնի էր կինոֆիլմերի համար գրված մեղեդիների կատարմամբ, իր ժամանակի երգերի ու գործիքավորումների ձայնագրություններով ամբողջ խորհրդային տարածքում և, որն իր ապրած կյանքից հետո ղեկավարում է սաքսոֆոնահար, նվագախմբի ղեկավար` Հովագեմ Սուլթանյանը` պահպանելով, լրացնելով ու զարգացնելով Գարանյանական չափազանց արգասաբեր երաժշտական գործունեությունը:

Մենք 2003 թ. Մոսկվայում, «Բոլշոյ» թատրոնում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Բելինիի «Նորմա» ներկայացման (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) հյուրախաղերի օրերին, առիթ ունեցանք զրուցելու Գեորգի Գարանյանի հետ, որն, ի զարմանս մեզ՝ հայտնեց, թե որքան էլ ինքը բազմաժանր և բազմազբաղ երաժիշտ է, այդուհանդերձ վատ հանդիսատես է և հազվադեպ է առիթ ունենում սեփական համերգներից դուրս՝ այլ մշակութային միջոցառումներին մասնակցելուց, բայց այսպիսի հարմար առիթների դեպքում ժամանակ է գտնում հայ արվեստագետների ստեղծագործություններին ունկնդիր դառնալու, քանի որ գրեթե երբեք այդպես էլ ժամանակ չունեցավ Հայաստան այցելելու, որքան էլ իր հայրը՝ «տիպիկ հայի ճակատագրով» Արամ Գարանյանը քաջածանոթ էր հայոց պատմությանը, եւ Մոսկվայում հայտնվել էր հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, և իր կյանքը կարողացել էր կազմակերպել Մոսկվայում:

Կարճ զրույցի ընթացքում Գարանյանը հայտնեց, որ շատ բարձր է գնահատում ժանրային առումով հարազատ հայ գործընկերների գործունեությունը, նկատի ունենալով հատկապես Առնո Բաբաջանյանին, Կոնստանտին Օրբելյանին, շեշտեց, որ միշտ հաճույքով է լսում Տաթևիկ Հովհաննիսյանի, Էլվինա Մակարյանի և Զառա Տոնիկյանի ստանդարտից դուրս ինքնատիպ ու բացառիկ երգեցողությունը, բայց միևնույն է, ինքը վատ հանդիսական է, ամբողջովին խրված իր անթիվ ու անհամար գործերը կյանքի կոչելուն:

Գեորգի Գարանյանը նույնպես կյանքի բերումով «խախտել» է իր ժամանակի գրեթե բոլոր «երաժշտական» օրենքները, նոտագրություն սովորել է այն ժամանակ, երբ արդեն հայտնի և փորձված սաքսոֆոնահար էր, երաժշտախումբ ստեղծել ու ղեկավարել է այն ժամանակ, երբ դեռ կոնսերվատորիա չէր էլ ընդունվել, մասնագիտությամբ հաստոցաշինության ինժեներ-մեխանիկ էր, բայց խորհրդային ժամանակների ջազային երաժշտության աշխարհում հայտնի դեմքերից էր: Իսկ 90-ականներին «դրսի» երաժիշտները, երբ Գարանյանի ստեղծագործությունները ներկայացնում էին «Գրեմմի» մրցանակի, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր Գեորգի Գարանյանին ուղղակի անվանում էին Խորհրդային Միության Սաքս-խորհրդանիշ։

1970-ական թվականներին դիպլոմավորված ինժեներ-մեխանիկը ղեկավարել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբը ։ Հենց Գարանյանի ղեկավարությամբ էր ձայնագրվում այնպիսի ֆիլմերի երաժշտությունը, ինչպիսիք են «Յուրային օտարների մեջ, օտար ՝ յուրայինների մեջ», «Բուրատինոյի արկածները», «Խաղարկություն», «12 աթոռ» և այլն։

Մինչև կյանքի վերջին օրերը Գեորգի Գարանյանը ղեկավարում էր երկու բիգ-բենդ` Մոսկվայի և Կրասնոդարի: Հարցին, թե որն է նրանց միջեւ տարբերությունը, պատասխանել է. «Կուբանի կոլեկտիվը համակարգված մեքենա է, իսկ Մոսկվան ՝ մենակատարների նվագախումբ»:

Ի դեպ, շատ խելամիտ կազմակերպված երևանյան հոբելյանական համերգի ընթացքում հրաշալիորեն հնչեցին Գարանյանի լայն ընդգրկման բոլոր ժանրերի ստեղծագործությունների հիանալի նմուշներից, որոնց ընթացքում կոմպոզիտորի արվեստի երկրպագուները նոստալգիկ սիրով ունկնդրում էին նրա զվարթ ու կենսասեր երաժշտությունը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Գեորգի Գարանյանի հոբելյանական համերգից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930