Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը վերջին անգամ գնահատվել էր տասնամյակներ առաջ. ԳԱԱ գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել

Նոյեմբեր 07,2024 15:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համար։ Դրանք կարող են օգտակար լինել նաև լճի կառավարման համար:

Լճի էպիլիմնիոնային շերտում լուծված թթվածնի և օդերևութաբանական ցուցանիշների իրական ժամանակում անընդմեջ չափման արդյունքների հիման վրա վերջին տասնամյակներում, ինչպես նաև ժամանակակից մեթոդով առաջին անգամ գնահատվել է ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը, դիտարկվել դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում և կանխատեսվել փոփոխման միտումները կլիմայի սպասվող տաքացման համատեքստում:

Ֆիտոպլանկտոնը զբաղեցնում է սննդային շղթայի ստորին օղակը և ստեղծում է թարմ օրգանական նյութ անօրգանական կենսածին նյութերից, ածխաթթու գազից և արևային լույսի էներգիայից՝ սննդային աջակցություն ցուցաբերելով ավելի բարձր տրոֆիկ մակարդակներին: Միավոր տարածքում, միավոր ժամանակամիջոցում ֆիտոպլանկտոնի կողմից արտադրված օրգանական նյութի քանակը սահմանվում է որպես ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրություն: Սևանա լճի համար այն վերջին անգամ գնահատվել է տասնամյակներ առաջ:

«Լճի մետաբոլիկ ակտիվությունն արտահայտվում է ուժեղ սեզոնայնությամբ՝ ցուրտ ամիսներին ցածր առաջնային արտադրություն, իսկ տաք ամիսներին՝ ընդհակառակը: Լճում ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը և էկոհամակարգի շնչառությունը մոտ են հավասարակշռված վիճակին, դիտվում են թույլ արտահայտված ինչպես ավտոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելին է, քան անհրաժեշտ է շնչառությանը), այնպես էլ հետերոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելի քիչ է, քան անհրաժեշտ է շնչառությանը) պայմաններ: Արդյունքները հստակորեն ցույց են տալիս առաջնային արտադրանքի էքսպոնենցիալ կախվածություն ջերմաստիճանից: Հայաստանի համար կանխատեսված է դարեվերջին 6°C-ով ավելի բարձր ամառային ջերմաստիճան, քան ներկայում է: Նման սցենարը կարող է հանգեցնել լճի մետաբոլիզմի էական փոփոխության և, ի վերջո, նաև ջրիմուռային ծաղկումների հաճախականության մեծացման»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։

Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով՝ «ՀՀ խոշոր հիդրոէկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության էկոլոգիական վտանգների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հետազոտությունն իրականացրել են Գերմանիայի Մագդեբուրգի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հետազոտության մեջ ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում փորձուսուցում անցած Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանության համալսարանի ուսանող Մաքսիմե Լաուլհերեն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930