Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն արդեն իսկ Թուրքիայի ազգային տոնի միջոցառմանն են մասնակցում». Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2024 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախօրեին տեղեկացանք, որ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։

Ինչո՞ւ է դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել վերոնշյալ միջոցառմանը, ի վերջո` եղե՞լ է նման դեպք, երբ դեսպանները միմյանց սպանելու սպառնալիքներով հանդես գան։ Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ:

Արմեն Մարտիրոսյան – Անգամ ամենավատ ժամանակներում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են ավելի վատ, երբ խաղաղության մասին անգամ չկար խոսք, եւ նման դիֆերամբներ չէինք երգում Ադրբեջանի մասին, նման բան չի եղել: Դեսպանների հետ հարաբերությունները քաղաքավարության սահմաններում են եղել՝ «բարեւ» եւ «ինչպե՞ս եք»: Մեկ դեպք եմ միայն հիշում, երբ ադրբեջանցի դեսպանը հրաժարվել էր ընդհանրապես հայերին բարեւելուց: Անգամ իր անձնակազմին էր արգելել հայ դիվանագետներին բարեւել, մնացած բոլոր դեպքերում քաղաքավարության տարրական կանոնները, որոնք դիվանագիտության մեջ պարտադիր են, պահվել են: Այսօր թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է այսպես ստացվել, չգիտեմ: Նախկինում երբեք Թուրքիայի ընդունելություններին ներկա չէինք գտնվում, հիմա թեպետ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն արդեն իսկ Թուրքիայի ազգային տոնի միջոցառմանն են մասնակցում: Մեր ժամանակ նման բան չի եղել: Արդեն երկու տարի է՝ համակարգից դուրս եմ եկել, պայմանական ասած` մինչեւ 2018 թվականը ոչ թե արգելում էին Թուրքիային նվիրված միջոցառումների մասնակցել, այլ պարզապես մենք չէինք գնում, լավ հասկանում էինք, որ նման պարտավորություն չունենք, օրինակ, ինչպես Պակիստանի հանդեպ պարտավորություն չունենք եւ չենք մասնակցում նրանց ազգային տոներին նվիրված միջոցառումներին: Մենք մեզ էինք հեռու պահում, նրանք էլ` իրենց: Հիմա երեւի ինչ-որ իրավիճակ է փոխվել, ինչպես ասում են իշխանությունները, հավանաբար, ընդհանուր քաղաքականության համատեքստում հարմար են գտնում, որ թեպետ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց Թուրքիայի ազգային տոնին մասնակցում են: Ճիշտ կլինի, որ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանի` ո՞րն է մեր քաղաքականությունն այն երկրների հետ, որոնք հրաժարվում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ: Երբ ես ՄԱԿ-ում դեսպան էի, Հայաստանը տասնյակից ավելի երկրների հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Բայց այնպես չէր, որ տվյալ երկրները հրաժարվում էին մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ուղղակի այդպես էր ստացվել: Զուտ տեխնիկական պատճառներ կային, այդքան մի բան: Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդիան Արաբիան, Պակիստանն այս իմաստով տարբերվում են` նրանք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում ոչ թե տեխնիկական խնդիրներով պայմանավորված, այլ` կոնկրետ քաղաքական: Այսինքն` Թուրքիան մեզ հետ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց մենք մասնակցում ենք նրանց ազգային տոնի միջոցառմանը` ինչո՞ւ, այս հարցը պետք է ուղղել ԱԳ նախարարությանը: Օրինակ` Թուրքիան երբեւէ մասնակցե՞լ է մեր ազգային տոներից որեւէ մեկին, այս առումով պետք է փոխադարձություն լինի: Դատապարտելի է, երբ դեսպանին` գործընկերոջդ սպառնում ես, դրա համար կան համապատասխան միջազգային կոնվենցիաներ, կան նաեւ չգրված օրենքներ այն մասին, որ դեսպանը պարտավոր է նվազագույնը պահել քաղաքական կոռեկտության սահմանները: Տհաճ երեւույթ է տեղի ունեցել: Չեմ կարծում, թե առանց ԱԳ նախարարության դեսպանը մասնակցեր այդ միջոցառմանը, ես մեծ կասկածներ ունեմ այդ առումով, նման քայլեր դեսպաններն ինքնագլուխ եւ ինքնաբուխ կերպով չեն անում: Ի դեպ, գուցե նախորդ տարիներին էլ են մերոնք գնացել նման միջոցառումների, ուղղակի այս տարի միջադեպ տեղի ունեցավ, բոլորն իմացան, գուցե վերջին տարիներին էլ են գնացել, գուցե ոչ միայն Բրյուսելում է մեր դեսպանը մասնակցել, այլեւ բոլոր դեսպաններն են մասնակցել Թուրքիայի ազգային տոնին:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930