Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդացրորդ Գարեգինը մինչև վերջին փամփուշտը կրակել է՝ թշնամուն տալով կորուստներ, աջակցելով մարտական ընկերների՝ շրջապատումից դուրս գալուն

Նոյեմբեր 07,2024 11:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզի Երազգավորս գյուղը Արցախյան նոր պատերազմում ունեցավ 4 նահատակ զավակ, ովքեր մարտնչեցին հերոսաբար ու նույն կերպ ընդունեցին Սուրբ մարտիրոսը։

Գարեգին Արտուշի Երանոսյանը ծնվել է 1982թ․ դեկտեմբերի 9-ին։ 17 տարեկան էր, որ ընտանիքի հետ 1999 թվականին տեղափոխվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հարավային թևում գտնվող Արծվաշեն գյուղ։ Այստեղ վերաբնակվեցին և սկսեցին շենացնել ազատագրված ու վերահայացած հայրենիքը։ Հակարի գետի ձախ ափին է Արծվաշենը՝ այլ աշխարհ՝ փռված ցածրահարթում։

Գարեգինն ու Գրիգոր եղբայրը շատ սիրեցին նոր հայրենիքը։ 9 տարի սովորել էր ծննդավայր Երազգավորսի միջնակարգ դպրոցում, սակայն ավարտական դասարանը շարունակեց արդեն նոր բնակավայրի դպրոցում, որտեղ աշխատում էր մայրը՝ Վարդիթերը, սկզբում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, իսկ 2005-ից՝ տնօրեն։

2000թ․ ավարտելով դպրոցը՝ դեկտեմբերին Գարեգինը զորակոչվեց Հայոց բանակ։ 2 տարի ծառայեց Վանաձոր քաղաքի Ն զորամասում ու տուն վերադարձավ պատվոգրերով, ծնողներին ուղղված շնորհակալագրով։ Սիրել էր զինվորական կյանքը, և պատահական չէ, որ 4 տարի անց՝ 2004 թվականին, ծառայության անցավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում՝ իրենց բնակավայրին մոտ ջոկատում։ Որպես ենթասպա՝ լավ էր կատարում սահմանապահի իր գործը՝ լինելով Մայր Արաքսի ափամերձ տարբեր ուղեկալներում։ Ծառայությանը զուգահեռ՝ զբաղվում էր նաև հողագործությամբ, այգեգործությամբ, աջակցում ծնողներին։

2016թ․ ապրիլի սկզբից արդեն առաջնագծում էր, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը ու շարունակվեց։ Այդ օրերին Քաշաթաղի շրջանից մոտ 1200 հոգի՝ կամավորական ու պահեստազորային, զինվորական, գրեթե 3 ամիս մասնակից եղան պատերազմական գործողություններին սահմանի ողջ երկայնքով։ Գարեգինը մարտերին մասնակցեց մինչև վերջին օրը՝ լինելով Ջաբրաիլի ու Ասկերանի տարբեր հատվածներում։ Լավ ծառայության համար արժանացել է ՀՀ ԵԿՄ պատվոգրի, հուշամեդալի։

2019 թվականի օգոստոսից եղբոր հետ ծառայության է անցել ՀՀ ՊՆ Ն զորամասի՝ Իշխանաձոր գյուղում նոր բացված վաշտում։ Այստեղ ևս իրեն լավ է դրսևորել։ Արցախյան նոր պատերազմը շատերին կրկին առաջնագիծ տարավ, նաև՝ Գարեգինին։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան Հայոց բանակի՝ Իշխանաձոր գյուղում գործող վաշտը, որտեղ պայմանագրով ծառայում էին հիմնականում Քաշաթաղի շրջանի բնակիչները, մայոր Մայիս Մաթևոսյանի հրամանատարությամբ, մարտադաշտում էր, ու քաշաթաղցի զինվորները գիտեին իրենց անելիքը։ Առաջին օրվանից սկսած՝ անընդհատ թշնամու թիրախ էին դարձել մեր մարտիկները։ Թշնամին ձգտում էր ամեն կերպ առաջանալ, բայց տղերքը դիմակայում էին թշնամուն, հաճախ հետ շպրտում։

Հոկտեմբերի 3-ի լույս գիշերը թշնամուն հաջողվում է շրջապատել Գարեգինենց վաշտը։ Գնդացրորդ Գարեգինը մինչև վերջին փամփուշտը կրակել է՝ թշնամուն տալով կորուստներ, աջակցելով մարտական ընկերների՝ շրջապատումից դուրս գալուն։ Սակայն այստեղ էլ հերոսը մահացու վիրավորվում է։ Եղբայրը՝ Գրիգորը, հրամանատարի և զինակիցների օգնությամբ տանում են վիրավորին՝ նահանջելով։ Քիչ անց եղբոր ձեռքերի մեջ էլ անմահանում է Գարեգինը։

Այդ ընթացքում թշնամու ավելի մեծ ջոկատ է փակում տղերքի ճանապարհը։ Մարտը շարունակվում է, պետք է ամեն գնով դուրս գային շրջափակումից։ Այստեղ են թողնում Գարեգինին։

Պատերազմից հետո Ջաբրաիլ-Մեխակավանի տարածքից Կարմիր խաչի միջնորդությամբ հանեցին քաջորդու աճյունը, որը ամփոփվեց հայրենի Երազգավորսի հանգստարանում։

Վաշտի հրամանատար Մ․ Մաթևոսյանը նույնպես մասնակցում էր որոնողական աշխատանքներին։ Ցավով է խոսում հերոսի մասին, որն իր արարքով օգնեց շատերին։

Նոր պատերազմը մեզանից խլեց նաև ազատագրված ու վերահայացած հայրենիքի Քաշաթաղի շրջանը։ Թշնամուն մնաց նաև Գարեգինի բնակավայր Արծվաշենը։ Վերստին Երազգավորս է վերադարձել Արտուշ Երանոսյանի ընտանիքը՝ Գրիգոր որդու երեք զավակների հետ։

Հոր համար սփոփանք էր որդու աճյունի գտնելը․ աչքը կտրվեց հեռուներից․ որդին տուն եկավ անմահացած՝ որպես հավերժի ճամփորդ, հանուն հայրենիքի նահատակ։ Նույն հանգստարանում են հավերժ ննջում նաև երազգավորսցի Արկադի Շիրակի Հովհաննիսյանը՝ ծնված 02․ 12․ 1938թ․, Մարտին Մայիսի Մարտիրոսյանը՝ ծնված 21․ 10․ 1994թ․ և Գոռ Սեդրակի Խաչատրյանը՝ ծնված 18․ 04․ 1997թ․։

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930