Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործման համար փակված թուրքական ռադիոկայանը բողոքարկում է որոշումը

Նոյեմբեր 07,2024 10:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործման համար փակված թուրքական ռադիոկայանը բողոքարկում է որոշումը

«Ամերիկայի ձայն». Թուրքիայում Acik Radyo ռադիոկայանի ունկնդիրները բողոքում են այն բանից հետո, երբ կարգավորող մարմինները չեղարկել են Ստամբուլում հիմնված ռադիոկայանի արտոնագիրը: Մոտ 30 տարի Acik-ը ձգտում էր կամուրջ դառնալ երկրի բաժանարար գծերի միջև: Վերլուծաբաններն ասում են, որ դրա դեմ քայլն ընդհանուր կառավարության կողմից մեդիա ճնշումների մաս է կազմում:

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ունկնդիրները բարձրաձայնում են իրենց բողոքը՝ Acik Radyo ռադիոկայանին հեռարձակումից զրկելու կապակցությամբ: Ռադիոկայանը բաց հարթակ էր և բազմակարծության կարևոր կենտրոն, որն էլ, ըստ բողոքողների, անկախ ռադիոկայանին բացառիկ դեր էր տալիս Թուրքիայի մեդիա դաշտում: Էլիֆ Ունալն ու Մեթե Աթաթուրը ռադիոկայանի երկու ունկնդիրներից են, որոնք միացել էին շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցին։

«Acik Radyo-ն կարևոր է, քանի որ այն մշակութային կենտրոն է քաղաքական աջակից բազմաթիվ կազմակերպությունների, ՀԿ-ների, ակտիվիստների համար»,- ասում է Acik Radyo-ի ունկնդիր Էլիֆ Ունալը:

«Մի կողմից, իհարկե, սա շոկային է, մյուս կողմից, զարմանալի չէ՝ հաշվի առնելով, ինչ ուղղությամբ է ընթանում ողջ երկիրը: Կարծում եմ՝ կա ավելի քիչ ազատ խոսք, և ավելի շատ ճնշում»,- նշում է Acik Radyo-ի ունկնդիր Մեթե Աթաթուրը:

Թուրքիայի մեդիա կարգավորող մարմինը՝ RTUK-ը, չեղարկել է ռադիոկայանի լիցենզիան՝ պնդելով, որ այն չի ենթարկվել ավելի վաղ տուգանքի և կասեցման որոշմանը:

Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի հյուր 1915 թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության մասին խոսելիս կիրառել է «ցեղասպանություն» եզրը: RTUK-ը նշել է, որ այդ մեկնաբանությունը հանրային ատելություն էր տարածում:

Մինչ Acik Radyo-ն վճարում էր տուգանքը, այն չէր դադարեցրել իր հեռարձակումները՝ նշելով, որ իրենք վիճարկում են նախնական որոշումը դատարանում:

Վերլուծաբանները համարում են կարգավորիչ մարմնի անցած ամսվա որոշումը որպես ավելի լայն միտման մաս:

«Այս որոշումը հատկապես մտահոգիչ է մեդիա բազմակարծության վերացման և մնացած փոքրամասնությունների ձայների թուլացման առումով և նպատակ ունի հասարակությանը պարտադրել մեկ պաշտոնական տեսակետ»,- ասում է Էրոլ Օնդերօղլուն՝ «Լրագրողներ առանց սահմանների» Թուրքիայի ներկայացուցիչը:

1995 թ. իր մեկնարկից ի վեր Acik Radyo-ն ձգտում է կամուրջ դառնալ Թուրքիայի խորը սոցիալական և քաղաքական բաժանարար գծերի միջև՝ կամավորների միջոցով ստեղծելով ու ներկայացնելով սոցիալական և մշակութային հաղորդումներ, որոնք ներկայացնում են երկրի բազմազանությունը, ներառյալ փոքրամասնություններին:

«Ռադիո Աղոս»-ի հաղորդավար Յետվարտ Դանցիկյանը նշում է, որ ռադիոկայանը հարթակ էր Թուրքիայի հայկական փոքրամասնության համար:

«Մենք փորձել ենք լսելի դարձնել ոչ միայն հայկական համայնքի, այլև բոլոր մյուս փոքրամասնությունների՝ հունական, հրեական և ասորական համայնքների ձայները: Acik Radyo-ն արդեն իսկ բաց է բազմաթիվ ձայների համար, սակայն մենք փորձում էինք մեր հաղորդման մեջ ներկայացնել նույնիսկ ավելի անհայտ ձայներ»,- նշում է «Ռադիո Աղոս»-ի հաղորդավար Յետվարտ Դանցիկյանը:

Ռադիոկայանի լայն տարածումը տեսնելով՝ ունկնդիրներն ու աջակիցները հավաքվել են բողոքելու լիցենզիայի չեղարկման դեմ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները աջակցում են ռադիոկայանին, և շատերը սա համարում են կառավարության՝ մեդիայի վրա վերահսկողությունը խստացնելու հերթական քայլ: Acik Radyo-ն որոշել է պայքարել:

Ռադիոկայանի համահիմնադիր Օմեր Մադրան ասում է. «Թուրքիայում ընդհանուր մթնոլորտը գնալով ավելի ճնշող է դառնում: Սակայն մենք վճռական ենք շարունակելու մեր պայքարը, և մենք ստացանք մեծ աջակցություն երկրի բոլոր շրջաններից»,- պնդում է Acik Radyo-ի համահիմնադիր Օմեր Մադրան:

Acik Radyo-ն վիճարկում է իր արգելքը դատարանում և ձգտում շարունակել օնլայն հեռարձակումը: Սակայն դրա համար նույնպես լիցենզիա է պահանջվում:

Դորիան Ջոնս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930