Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ էլ վճռաբեկի կողմից վարույթ ընդունելու ընթացակարգը ստվերի մեջ է, հնարավոր չէ կանխատեսել՝ վճռաբեկը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ. Հայկ Ալումյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2024 10:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վճռաբեկ դատարանից՝ եռաստիճան դատական համակարգի երրորդ` ամենակարեւոր ատյանից դժգոհություններ մշտապես են եղել․ այն մեծ դժվարությամբ է որեւէ գործ վարույթ ընդունում, վերցնելու դեպքում էլ դատախազական կամ իշխանական այլ օղակներից ստացած հրահանգներով է որոշումներ կայացնում։

Հայտնի փաստաբան, երկար տարիներ դատական համակարգի դեմ կռիվ տված Հայկ Ալումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ նախկինում էլ, այժմ էլ վճռաբեկի կողմից վարույթ ընդունելու ընթացակարգը բացարձակապես ստվերի մեջ է եղել, հնարավոր չէ կանխատեսել՝ վճռաբեկը վարույթ կընդունի՞, թե՞ ոչ։ Դա, այսպես ասած, գորշ զոնա է, որտեղ հնարավոր են ցանկացած տեսակի չարաշահումներ։ «Խնդիրն այն է, որ եթե վճռաբեկ վարույթներն ընդունվում կամ չեն ընդունվում կամայականորեն, դա արդեն չի կարող համարվել արդար քննություն, արդարության սկզբունքը խաթարված է ի սկզբանե՝ վարույթ ընդունել-չընդունելու փուլում։ 2006 թվականից Վճռաբեկ դատարանում ոչ մի բան չի փոխվել, ինչպես եղել է անկանխատեսելի, կամայական որոշումներ ընդունող եւ մշտապես դատախազության օգտին գործող ատյան, այնպես էլ մնացել է»։

– Վարույթ չընդունելու որոշումը չի՞ հիմնավորվում։

– Ոչ, հիմնավորում չկա, գոյություն չունի, իրենք գրում են՝ «այս» բաներն է ասել բողոք բերող անձը, եւ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չպետք է վարույթ ընդունի, քանի որ չի համապատասխանում օրենքի չափանիշներին։ Սահմանադրական դատարանը երբ ասաց, որ վարույթ ընդունելու-մերժելու որոշումները պետք է պատճառաբանեն, ՍԴ-ն իր հերթին մեծ սխալ թույլ տվեց, որովհետեւ ՍԴ-ն չասաց՝ իրենք պետք է վարույթ ընդունելու մասին որոշումները պատճառաբանեն։ Եթե Վճռաբեկ դատարանը մի անգամ պատճառաբանի վարույթ ընդունելու մասին որոշումը, հաջորդ բողոքը գրելիս մենք կարող ենք ասել՝ հղում անելով այն որոշման վրա` այս բողոքն էլ պետք է վարույթ ընդունվի։ Բայց երբ վարույթ ընդունելու մասին որոշումը կարդում ենք, դրանք մի տող են, չունեն պատճառաբանական մաս։ Որքան հիշում եմ՝ 2006-ին օրենք ընդունվեց, որ վճռաբեկը կարող է վարույթ ընդունել կամ չընդունել, այդ ժամանակվանից, ինչպես ինքը եղել է կամայական որոշումներ կայացնող դատարան, այնպես էլ մնացել է։ Ցավոք սրտի, 18 տարվա մեջ ոչինչ չի փոխվել։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930