Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ աշխատակից վարորդը «վիզաների բիզնես» է արել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2024 10:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) եւ հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ:

Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցների նկարագրմամբ՝ Նունեն ներկայացրել է, որ գործընթացը կլինի այսպես. ընտանիքներից որոշ ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն եւ վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Հավաստիացումները ստանալուց հետո՝ քաղաքացիները վաճառել են իրենց բնակարանները եւ գրասենյակում 10 հազար դոլար տվել Նունեին, իսկ հետո վերջինս ասել է, որ 7000 ԱՄՆ դոլար էլ պետք է վճարեն ԱԳՆ-ի դիմաց մի մարդու, որը, հետագայում պարզվել է, ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանն է:

Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել:

Երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը՝ նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին (տեսանյութում կան դեպքի մանրամասները):

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ:

Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում (փաստաթղթերը տեսանյութում ներկայացված են): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ նրա վարորդը չի եղել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930