Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մեջբերումներն ու դրանց ժամանակագրությունը ցույց են տալիս, որ 44–օրյա պատերազմն ամբողջությամբ հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա. «168 ժամ»

Նոյեմբեր 07,2024 09:30

Նոյեմբերի 7–ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7–ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9–ի ժամը 19։19–ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։

Պահպանվում է նաև 44-օրյա պատերազմի խոսնակի՝ Արծրուն Հովհաննիսյանի նոյեմբերի 8-ին, ժամը 11։29-ին հրապարակված գրառումը․ «Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին»։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերին ստորագրվեց տխրահռչակ հայտարարությունը Արցախի կապիտուլյացիայի մասին։ Այն, որ Շուշին ադրբեջանական ուժերն ամբողջությամբ վերահսկում էին արդեն նոյեմբերի 7-ին, հայտնել են պատերազմի բազմաթիվ մասնակիցներ։ Բայց այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան հրապարակված «Շուշիի համար մարտերը շարունակվում են» մեջբերման հեղինակը, հայտարարել է 2023թ․ հունիսին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում.

«Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,- հայտարարել է նա։

Սրանք բոլորը պաշտոնական հայտարարություններ են, պաշտոնապես արձանագրված ժամանակագրությամբ։ Այդ մեջբերումներն ու դրանց ժամանակագրությունը ցույց են տալիս, որ 44–օրյա պատերազմն ամբողջությամբ հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա։ Եվ դա կարևոր է ոչ միայն ոչ վաղ անցյալի ողբերգական իրադարձություններն օբյեկտիվ գնահատելու համար։ Սա ցույց է տալիս նաև, որ նոյեմբերի 9-ին հաջորդած ողջ ժամանակահատվածում Հայաստանի գործող իշխանությունը զբաղված է եղել և է՛ այդ մեծագույն սուտը, խաբեությունը որպես ճշմարտություն հասարակությանը վաճառելու քստմնելի գործով։

Այդ ճանապարհին իշխանությունը կանգ չի առել որևէ բարոյական արգելքի առաջ՝ սկսած «հազարավոր դասալիքների» մասին զրպարտությունից, մինչև «ներքին թշնամիներ», «հինգերորդ շարասյուն»․․․

Ուղիղ 4 տարի Հայաստանը, արդեն առանց Արցախի ու միայն բռնագաղթած արցախահայերի մասնակցությամբ, ապրում է հետպատերազմյան արհավիրքում, որի ողջ խորությունը հանրության մի մասի կողմից չի գիտակցվում (գուցե նաև՝ որպես ինքնապաշտպանական բնազդ), իսկ իշխանության կողմից ամենակեղտոտ միջոցներով ներկայացվում է՝ որպես Հայաստանի անկախությունն ամրապնդելու միջոց։

Այս իրականության ողբերգականությունը, սակայն, միայն Արցախի կորուստը չէ։ Ոչ պակաս սարսափելի է, որ այդ իրականությունը հիմնված է մեծագույն ստի վրա, որի գինը, բացի երբևէ դառնալի Արցախից, նաև հազարավոր երիտասարդների անդառնալի կյանքն է։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930