Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի գողգոթան շարունակվելու է

Նոյեմբեր 07,2024 12:30

Նույնիսկ լիբանանա-իսրայելական սահմանի ամենավատ հոռետես դիտորդը երբեք չէր ակնկալում դժոխքի բնույթը, որում այսօր հայտնվել է Լիբանանը

Ամեն ինչ փակուղի է եւ հավասարման յուրաքանչյուր ասպեկտ նպաստում է այնպիսի իրավիճակի, որը կհանգեցնի մեկ արդյունքի, լինի դա դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական, Լիբանանի գողգոթան շարունակվելու է:

2006 թվականին ավելի բախտրավոր էինք. Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Լիբանանի դեմ, ինտենսիվ ավերածություններ պատճառելով լիբանանյան ենթակառուցվածքներին եւ «Հըզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող մուսուլմանական տարածքներին: 1701 բանաձեւը այդ ժամանակ փրկեց Լիբանանը, ակտիվ էին արաբական ծոցի երկրները, այս անգամ շատ ավելի դժվար եւ անելանելի վիճակում ենք: Հասկանալու համար մենք պետք է վերադառնանք Լիբանանի վերաբերյալ Միացյալ մի քանի բանաձեւերի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 425 բանաձեւը ընդունվեց 1978-ին, երբ Իսրայելը ներխուժեց հարավային Լիբանան, կոչ արեց Իսրայելին դուրս գալ եւ ստեղծեց ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում (UNIFIL)՝ «խաղաղապահ ուժեր»: Իսրայելը դուրս եկավ 2000 թվականին, այս բանաձեւը գործադրվելու համար պահանջվեց 22 տարի՝ ընդունվեց 520 (1982) բանաձեւը։ Բանաձեւը կոչ արեց հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պահանջեց բոլոր օտար ուժերի դուրսբերումը Լիբանանից։

Երկու կանոնավոր օտար բանակներ՝ սիրիական եւ իսրայելական, ներկա էին Լիբանանում, այնտեղ էին պաղեստինյան անկանոն ջոկատները:

Լիբանանը կրեց այս փակուղին, եւ Սիրիան, եւ Իսրայելը պահանջեցին, որ նախ մյուս բանակը հետ քաշվի, որպեսզի նրանք նույնպես հեռանան: 2000-ին Իսրայելը հեռացավ Լիբանանից, սիրիացիները՝ ոչ: «Հըզբոլլահը» լուրջ ռազմական դեր խաղաց, քանի որ նրանք տասնամյակներ շարունակ պարտիզանական գործողություններ էին սկսել Իսրայելի դեմ, եւ այդպիսով «Հըզբոլլահը» հռչակվեց հողն ազատագրող (1559 բանաձեւ, 2004 թ.): Այս բանաձեւը համարում եմ ամենապատմականը, եւ որպեսզի կարողանանք հասկանալ լիբանանյան ողբերգությունը, պետք է հասկանալ այս բանաձեւը: Կոչ արվեց մնացած օտարերկրյա ուժերին (հիմնականում սիրիական) դուրս բերել Լիբանանից, պահանջվեց զինաթափել լիբանանյան եւ ոչ լիբանանյան կուսակցական բոլոր զինված ուժերը: 2005 թվականի մարտի 14-ին 1, 5 միլիոն լիբանանցիներ բողոքի ակցիա անցկացրեցին, պահանջելով իրականացնել այս բանաձեւը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ սիրիական զորքերը վերադիրքավորվելու են Բեքաայի հովիտում, սակայն նրանք մեկ ամիս անց ամբողջությամբ դուրս եկան Լիբանանից, հավանաբար, հասկանալով, որ չեն կարող դիմակայել այս բանաձեւին: Կարծեցինք, որ մեր պետականությունը վերջապես պիտի կերտվի, եւ ահա «Հըզբոլլահը» հայտարարեց, որ իրենք կպահեն իրենց զենքերը, քանի որ դեռ մեկ տարածք կա՝ Շեբաա ագարակները, որոնք պետք է ազատագրեն:

Այս տարածքի ինքնությունը որոշված չէ, Սիրիայի մաս է, թե՝ Լիբանանի: Իսրայելն ասում է, որ դրանք սիրիական հողեր են, իրենք 425 բանաձեւը լիովին գործադրել են, սիրիացիներն ասում են, որ լիբանանյան է, բայց հրաժարվում են փաստաթղթեր հանձնել Միացյալ ազգերին, Շեբաան, որպես լիբանանյան հողեր ճանաչելու համար, «Հըզբոլլահն» ասում է, թե պետք է պահեն զենքերը, ազատագրելու համար Լիբանանի մնացած մասը: Լիբանանի քաղաքական կուսակցությունները, որոնք պահանջում էին իրականացնել 1559 բանաձեւը եւ դուրս բերել սիրիական զորքերը, չմնացին միասնական, «Ազատ հայրենասիրական շարժումը» լքեց այդ ճակատը եւ դաշինք կազմեց «Հըզբոլլահի» հետ: 2006 թվականին Իսրայելը կրկին հարձակվեց Լիբանանի վրա, եւ ընդունվեց 1701 բանաձեւը։

Հիմնական կետերով՝ լիազորվեց ՅՈՒՆԻՖԻԼ-ի ուժեղացված մանդատը, օգնելու Լիբանանի օրինական զինված ուժերին ընդլայնել վերահսկողությունը հարավային Լիբանանի վրա: Կոչ արվեց զինաթափել Լիբանանի բոլոր զինված խմբավորումներին (այսինքն, «Հըզբոլլահին»): Շեշտվեց լիբանանյան կառավարության կողմից իր տարածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանություն գործադրելու եւ զինյալների վերազինումը կանխելու անհրաժեշտության մասին:

Սկզբունքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 (2006) բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն: Ցավոք, այս բանաձեւի իրականացումն արդյունավետ չէր. տարիներ շարունակ այն խախտվում էր, «Հըզբոլլահը», Իսրայելը միմյանց մեղադրում էին դրա խախտման համար պատասխանատու լինելու մեջ:

Ինչպես դժոխքի պարիսպները բացվեցին

Մի տարի առաջ Իսրայելը Գազայում հարձակման ենթարկվեց Համասի կողմից, եւ նրանց միջեւ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց: «Հըզբոլլահը» հայտարարեց, որ կբացի աջակցության ճակատ, եւ սահմանային առճակատումները շատ ավելի կատաղի դարձան: Այս անգամ «Հըզբոլլահը» չկարողացավ կարդալ նոր հավասարումը. Իսրայելը ջախջախեց Համասին, ու կարող էր կենտրոնանալ փորձելու «Հըզբոլլահին» վերացնելու, ինչպես հաջողեց անել Համասի հետ:

«Հըզբոլլահը» հավանաբար հասկացավ, որ Իսրայելն ահավոր առավելություն ունի, միգուցե տեխնիկական առումով, գուցե գաղտնի տեղակայված գործակալների շնորհիվ, այն փաստը, որ մենք բոլորս չգիտենք, թե Իսրայելի ինչն է այս առավելության գաղտնիքը, նրան ավելի վտանգավոր է դարձնում: Իսրայելը սպանեց «Հըզբոլլահի» տասնյակ բարձրաստիճան քաղաքական, հետախուզական եւ ռազմական առաջնորդների, այդ թվում՝ «Հըզբոլլահի» առաջնորդ Շեյխ Նասրալլահին եւ նրա հավանական փոխարինողին:

Լիբանանի վարչապետ Միքաթին միայն սահմանափակ լիազորություններով է զբաղեցնում ոչ վճռորոշ որոշումներ ընդունելու համար, երբ Լիբանանը նախագահ չունի, կառավարությունն ինքնաբերաբար հայտարարում է հրաժարական, եւ իրավունք ունի կատարել միայն հիմնական խնդիրները մինչեւ նոր վարչապետ նշանակվելը: Մի անգամ նա հայտարարեց, որ Լիբանանի կառավարությունը չի տիրապետում պատերազմի կամ խաղաղության որոշմանը, հայտարարեց, որ Լիբանանը պատրաստ է լիովին ենթարկվել 1701 բանաձեւին եւ 8 հազար լիբանանյան բանակի զինվոր ուղարկել Իսրայելի հետ սահման։

Չեյխ Հասան Նասրալլան մահանալուց առաջ ասել էր, որ իրենք չեն ընդունի հրադադարը, քանի դեռ Իսրայելը չի դադարեցնի պատերազմը Գազայի դեմ, հիմա «Հըզբոլլահն» ասում է, որ իրենք ընդունում են հրադադարը, որը կհարգեն երկու կողմերը։ Պաշտոնական Լիբանանն առաջարկում է լուծում, որ 21-օրյա զինադադար կայացվի, զինադադարի ժամանակ նախագահ կընտրեն, բայց հիմա պաշտոնական Լիբանանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, նույնիսկ ԱՄՆ-ն, բացի նախագահ Մակրոնից: Իսրայելը, բնականաբար, այլեւս շահագրգռված չէ 1701 բանաձեւով, երբ ունեն ռազմական առավելություն, ուստի պահանջում են այնպիսի անհիմն երաշխիքներ, որոնք կխախտեն Լիբանանի ինքնիշխանությունը, պահանջում են լիակատար ռազմածովային հսկողություն սահմանել Լիբանանի վրա, վերահսկել եւ ստուգել Լիբանան մտնող նավերը, համոզվելու համար, որ «Հըզբոլլահը» զենքի մատակարարում չի ստանում, որ նրանց պետք է թույլ տրվի ստուգել Լիբանանի որոշ հարավային հատվածներ, ստուգել զենքի առկայությունը:

Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն չկարողացան ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի վրա՝ նվազեցնելու թշնամանքը: ԱՄՆ-ում ընտրություններ են՝ նա ուժեղ լծակներ ունի ԱՄՆ-ի երկու մրցակից կուսակցությունների վրա: Մյուս կողմից՝ մինչ Իսրայելը բացառիկ օդային գերազանցություն է վայելում եւ ավերում է Լիբանանը, իսկ «Հըզբոլլահի» հրթիռային պատասխանը շատ ավելի քիչ վնասակար է, ցամաքային դաշտում իրավիճակն այլ է, եւ Իսրայելի յուրաքանչյուր ցամաքային փորձ ետ է մղվում՝ ավարտվելով Իսրայելի զինվորների մեծ կորուստներով: «Հըզբոլլահը» սա տեսնում է, որպես չզիջելու եւ կատաղի ռազմական եւ քաղաքական դիմադրություն շարունակելու հնարավորություն: Այս ամենը նշանակում է, որ Լիբանանն առնվազն շաբաթներով ամեն օր կործանվելու է:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930