Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը COP29-ը կդարձնի՞ «Տարվա ձախողում»

Նոյեմբեր 07,2024 12:00

Առանց այն էլ Արեւմուտքից Ադրբեջանը կոշտ քննադատության է ենթարկվում, եթե այս ամենին էլ գումարվի Պուտինի մասնակցությունը COP29-ին, կարելի է այդ միջոցառումը տապալված համարել

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին, ընթանալու է մինչեւ նոյեմբերի 22-ը։ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի նստաշրջանն է։

Դեռ հստակ չէ՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին, մեկ շաբաթ առաջ լրագրողներին հայտնել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ո՛չ, դեռ պարզ չէ», – ասել էր նա։

Հոկտեմբերի կեսերին BBC-ի աղբյուրը հաստատել էր, որ Ռուսաստանի նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների առաջնորդների հրավերների շարքում, սակայն Ռուսաստանը Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին կներկայացվի վարչապետի մակարդակով։

Ինչպես հայտնի է, Ուկրաինան արեւմտյան երկրներին կոչ է արել բոյկոտել Ադրբեջանում անցկացվելիք COP29 գագաթնաժողովը, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի այդ միջոցառմանը։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, թե Պուտինը դիտարկում է Բաքվի համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ Մեկ շաբաթ առաջ Կրեմլի խոսնակը, փաստորեն, դեռեւս անորոշ պատասխան է տվել:

Պուտինի մասնակցությունն այդ միջոցառմանն իսկական «նվեր» կլինի Արեւմուտքի համար, այն առումով, որ Ալիեւի կազմակերպած միջոցառումը Պուտինի այցի հետեւանքով կդասվի Տարվա ձախողում «տիտղոսին»: Առանց այդ էլ Արեւմուտքից ալիեւյան Ադրբեջանը կոշտ քննադատության է ենթարկվում դեռ մինչեւ միջոցառման անցկացումը` մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչեւ այդ երկրի բնապահպանական վիճակը: Եթե այս ամենին էլ գումարվի Պուտինի մասնակցությունը այդ միջոցառմանը` կարելի է պատկերացնել միջոցառման «շռնդալից» ձախողումը: Իսկ եթե Պուտինն, այնուամենայնիվ, որոշի չմեկնել Ադրբեջան, ապա այդ քայլով նա իսկապես կփրկի Ալիեւին:

Ադրբեջանում սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայից՝ COP29-ից առաջ Amnesty International-ը հրապարակած զեկույցում կոչ է արել մարդու իրավունքները դնել կլիմայական գործողությունների բոլոր որոշումների կայացման հիմքում՝ պնդելով, որ այդ կարեւոր միջոցառումից առաջ Ադրբեջանում սահմանափակված է քաղաքացիական հասարակության գործունեությունը։ «Կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունը կարողանա մասնակցել կլիմայի շուրջ բանակցություններին: Ակտիվիստները, արհմիությունների առաջնորդները եւ իրավապաշտպանները օգնում են հասնելու հավակնոտ թիրախներին, կենսական դեր են խաղում՝ ապահովելու, որ COP29-ում մշակված ծրագրերը համահունչ լինեն կառավարությունների կողմից մարդու իրավունքների ստանձնած պարտավորություններին, եւ դրանք կյանքի կոչվեն: Սակայն Ադրբեջանի սեփական քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հավանաբար, չափազանց սահմանափակ կլինի: Սպառնալիքներն ու ոտնձգությունները տեղի բազմաթիվ ակտիվիստներին ստիպել են լքել երկիրը, իսկ մյուսները կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով ներկայացված մեղադրանքներով: Մնացած մի քանի անկախ ձայներն էլ քրեական հետապնդման եւ վրեժխնդրության վտանգի տակ կհայտնվեն, եթե համարձակվեն որեւէ քննադատություն հնչեցնել COP29-ի ժամանակ»,- ասվում է զեկույցում:

Amnesty-ն ընդգծել է, որ քաղաքացիական հասարակության ճնշումների հետեւանքով ստեղծված «վակուումը» Բաքուն փորձում է լցնել, այսպես կոչված, «կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպություններով»։ «Պետության կողմից աջակցվող այս խմբերը չեն ապահովում անհրաժեշտ անկախ տեսակետները, սակայն նրանց ներկայությունը թույլ է տալիս Ադրբեջանի իշխանություններին ներկայացնել խոսքի եւ միավորումների ազատության նկատմամբ հարգանքի կեղծ պատկեր»,-նշել է Amnesty -ին:

Amnesty-ն նաեւ շեշտել է, որ ընթացիկ տարվա սկզբին գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները խախտում են 2015թ. Փարիզի համաձայնագրով Բաքվի ստանձնած պարտավորությունները։ Ըստ համաձայնագրի՝ այն ստորագրած բոլոր պետությունները պարտավորվում էին կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը՝ նպատակ ունենալով սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի աճը մինչեւ 2°C-ի։

Աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության աննախադեպ սպառնալիքի առաջ, որը պայմանավորված է ջերմոցային գազերի արտանետմամբ՝ հանածո վառելիքից մեծ կախվածության պատճառով: Հակառակ այս ճգնաժամի մասշտաբներին, վտանգ կա, որ Բաքվում անցկացվող կլիմայական գագաթնաժողովը կարող է օգտագործվել օրակարգը հանածո վառելիքի օգտին առաջ մղելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի հուսալի միջոցների բացակայությունը լուրջ բացթողում է, անկախ նրանից, թե որ երկիրն է հյուրընկալում Կլիմայի փոփոխության համաժողովը: Ադրբեջանում COP29-ի կազմակերպումը վկայում է խնդրի մասշտաբները: Transparency International-ի եւ Anti-Corruption Data Collective-ի զեկույցն ընդգծում է, թե ինչպես են ադրբեջանական ռեժիմը, նավթագազային ընկերությունները եւ լոբբիստները ձեռք-ձեռքի տված աշխատել COP29-ին ընդառաջ՝ չափից դուրս կորպորատիվ ազդեցություն գործադրելու նպատակով: Միաժամանակ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի կառավարությունը գագաթնաժողովը կօգտագործի որպես դիվանագիտական սքողում՝ իր ներքին նավթային եւ գազային շահերն առաջ մղելու եւ հանածո վառելիքի նոր գործարքներն ապահովելու միտումով:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 11-22-ը Բայդեն-Հարիսի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ-ի ավելի քան 20 գերատեսչություններից, գործակալություններից եւ կազմակերպություններից բաղկացած պատվիրակությամբ կմեկնեն Բաքու՝ COP 29-ի համաժողովին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Ջո Բայդենի կլիմայի միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։

ԱՄՆ պատվիրակության կազմում են՝ գյուղատնտեսության նախարար Թոմաս Վիլսակը, էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը, նախագահի օգնական եւ Սպիտակ տան կլիմայի հարցերով ազգային խորհրդական Ալի Զաիդին, Սպիտակ տան շրջակա միջավայրի որակի խորհրդի նախագահ Բրենդա Մալորին, էներգետիկայի փոխնախարար Դեյվիդ Թյուրքը, ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Լաուրա Դանիել-Դեւիսը, Շրջակա միջավայրի պահպանության գործակալության փոխտնօրենի պաշտոնակատար Ջեյն Նիշիդան, օվկիանոսների եւ մթնոլորտի առեւտրի փոխնախարար Ռիկ Սփինրադը եւ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենիքսը։ Ներկայացված ցուցակից բացակայում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, որոնք մասնակցել են COP 28 (Դուբայ) եւ COP 27 (Եգիպտոս) կլիմայական համաժողովներին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, Reuters գործակալությանը հայտնել է նրա խոսնակը։ «Հանձնաժողովը անցումային փուլում է, հետեւաբար նախագահը իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա է կենտրոնանալու», – ասել է խոսնակը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին։ Նրա այցը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ COP 29-րդ նստաշրջանին կմասնակցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ իրանական պատվիրակությունը կգլխավորի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ադրբեջանում Իրանի դեսպանատնից հաստատել են այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Նախորդ դեկտեմբերին որպես բարի կամքի դրսեւորում` Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին եւ հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արեւելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Ադրբեջանն, ինչպես հայտնի է, Հայաստանին հրավիրել է մասնակցելու այդ համաժողովին: Հուլիսին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտնել էր, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երեւան՝ COP29 գագաթնաժողովին մասնակցության համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը «լավ հնարավորություն» էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Ադրբեջանական մեդիա-տիրույթում նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվել, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, սակայն Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակն անդրադառնալով նշյալ խոսակցություններին, նշել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

Համաժողովին մասնակցելու հարցով Երեւանը դեռ որոշում չունի, սեպտեմբերին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ նախ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետեւ, Բաքվից հայտնեցին, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Հոկտեմբերի 31-ին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, թե COP 29-ի գագաթնաժողովին Երեւանի մասնակցությունը հաստատված չէ: «Ընդհանարապես, ե՛ւ COP29-ի համատեքստում, ե՛ւ դրանից դուրս մենք մշտապես խոսում ենք եւ հետամուտ ենք Ադրբեջանի ու մեր այլ գործընկերների հետ խոսակցություններում գերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, նաեւ այլ հումանիտար հարցերին: Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա եւ այլն: Սա մեր մշտական քննարկման եւ թիվ 1 առաջնահերթություններից մեկն է», ասել էր Միրզոյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե հնարավոր չէ՞ Հայաստանի մասնակցությունը COP29-ին պայմանավորել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմամբ: Ինչ վերաբերում է COP29-ին Հայաստանի մասնակցությանը՝ Միրզոյանը նշել էր. «Մեր մասնակցությունը COP29-ին որեւէ կերպ հաստատված չէ: Հրավերը ստացել ենք, մենք որեւէ պաշտոնական արձագանք եւ վերաբերմունք այս հարցում չենք դրսեւորել եւ, իհարկե, չենք էլ բացառում»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ օրերս Ազգային ժողովում փակագծեր չէր բացել՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին, թե ոչ։ «Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որեւէ բան չեմ կարող ասել»,- ասել էր նա։ Իսկ հարցին՝ արդյոք նախապայմա՞ն է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանել էր, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետեւ, ըստ նրա` ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում։

Գերիներին չվերադարձնելու դեպքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում։ «Ես չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու, մենք պետք է հապաղենք եւ չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք», – օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ ի պատասխան հարցին, թե գերիների վերադարձը կնպաստի՞, որ Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը։ Իսկ հարցին, թե գերիներին չվերադարձնելու դեպքում մասնակցության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ԱԺ նախագահը պատասխանել է. «Չեմ կարծում՝ ճիշտ է»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930