Երեւանի քրեական դատարանում «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատարանն այսօր որոշեց վերացնել հաղորդաշարի թողարկման արգելքը:
Նիստը նախագահող դատավոր Արման Հովհաննիսյանը հայտնեց, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը տարբեր հարթակներում ու տարբեր ձեւաչափերով իրենց խոսքն ասել են այս ամիսների ընթացքում եւ մնացել են դատարանի սահմանած սահմանափակումների մեջ՝ բառամթերքի օգտագործման առումով: Հետեւաբար, այս փուլում դատարանը մտավախություն չունի, որ նրանք հաղորդաշարի թողարկման ընթացքում կկիրառեն հին բառամթերքը՝ հայհոյանքները, վիրավորական արտահայտություններ:
«Խոսքի ազատության սահմանափակումը, որը կիրառված էր «Իմնեմնիմի» հաղորդաշարի մասով ու հենց այսօրվանից վերացվեց: Շարունակում է ուժի մեջ մնալ մեղադրանքում նկարագրված գործողությունների արգելքը, մենք դրա հետ հաշտ ենք, խնդիր չենք տեսնում: Ինչպես դատարանը նշեց մեր պաշտպանյալների գիտակցությանն ենք ապավինում, որ նրանք կհիմնավորեն, որ դրա կարիքը երբեւէ չի եղել»,- նիստից հետո լրագրողներին ասաց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Կարդացեք նաև
Վազգեն Սաղաթելյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե հաղորդման արգելքն իր համար հասկանալի չէր. «Մենք մեր վարքագծով ապացուցել ենք, որ կարող ենք կոնտենտ գեներացնել առանց ոչ նորմատիվ լեքսիկոնի… շնորհակալություն այսօր հարցաքննված վկաներին, նրանք մեր հետեւորդներն են փաստորեն ու մեր հաղորդմանը սպասում են: Այսօրվա հաղորդմանը սպասում են թե՛ մեղադրող կողմի բերած վկաները, թե՛ մեղադրողները, թե՛ վստահ եմ՝ Նիկոլն իր ընտանիքով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ