Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական առաջարկով Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու լիազորություն կունենա

Նոյեմբեր 06,2024 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

Զեկուցողի խոսքով տարեկան միջոցառումների ծրագիրը ներառում է նաեւ Սեւանա լճի  եւ նրա ջրահավաք ավազանի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային եւ խեցգետնային արդյունահանման եւ արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները եւ արդյունագործական որակի բնութագրերը՝ ամսական կտրվածքով:

Փոխնախարարը պարզաբանել է, որ ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատվում են տարեկան երկու փուլով իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա: Առաջին փուլի ուսումնասիրությունը կատարվում է նոյեմբերին, արդյունքները պարզ են դառնում դեկտեմբերին. այս դեպքում սահմանվում է հաջորդ տարվա՝ մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի որսի չափաքանակը: Երկրորդ ուսումնասիրությունը կատարվում է հունիսին, իսկ արդյունքներն ամփոփվում են օգոստոսին: Նախագծով առաջարկվում է գործադիրին տալ լիազորություն՝  այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Կառավարության որոշմամբ տարեկան երկու փուլով սահմանելու Սեւանա լճում որսի չափաքանակները: Արա Մկրտչյանը նաեւ նշել է, որ մյուս որսատեսակների  չափաքանակը սահմանվում է նախարարի հրամանով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին: Առաջարկվել է հարցն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը սպասված է ինչպես գործարար միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսների համար: Այն կնպաստի լավորակ բուժանյութերի ներմուծմանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930