Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով, որ երկրի վիճակը վատ է, նորմալ է հայհոյանքը. «Իմնեմնիմիի» հաղորդավարների գործով վկա

Նոյեմբեր 06,2024 21:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի քրեական դատարանում «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկա Տաթեւիկ Ալեքսանդրյանը:

«Ես տեղեկություն ունեմ, որ ապրում եմ ժողովրդավար երկրում ու 27 տարեկան հասակում յութուբում մեկնաբանություն գրելու համար կանչվել եմ դատարան, չեմ գրել որեւէ վիրավորական բան, ուղղակի կարծիք եմ հայտնել»,- ասաց վկան՝ պատասխանելով մեղադրող դատախազի հարցին, թե ինչ տեղեկություններ ունի գործի վերաբերյալ:

Մեղադրող դատախազը նաեւ հետաքրքրվեց՝ կհիշի՝ ինչի տակ է մեկնաբանություն թողել, ինչի հետ է կապված եղել:

Վկան հիշեց, որ հաղորդման բանախոսներից մի քաղաքագետի դիտարկումների հետ է կապված իր մեկնաբանությունը: Հարցին, թե հաղորդման ժամանակ լսե՞լ է որեւէ բան, որ իրեն արտառոց է թվացել, նա պատասխանեց. «Ոչ»:

Ինչ կոնտենտի ակնկալիքով եք նայում քաղաքական հաղորդումներ հարցին վկան պատասխանեց՝ տեղեկատվություն ստանալու, հասկանալու՝ երկրում ինչ վիճակ է ու ինչ լուծումներ կան:

Հարց հնչեց նաեւ, եթե հեռուստացույցով քաղաքական հաղորդում դիտելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանք հնչի, դա իր մեջ լարվածություն, անհանգստություն կամ այլ զգացողություն կարթնացնի՞, ի պատասխան ասաց՝ իր բնական լեքսիկոնում չկա հայհոյանք, բայց հաշվի առնելով, որ երկրի վիճակը վատ է, նորմալ է հայհոյանքը:

Վկան մի քանի անգամ շեշտեց, որ նշված հաղորդման մեջ հնչած հայհոյանքներ չի մտաբերում, հիշում է միայն բ.. բառը, բայց եթե հապավումը բացես՝ հայհոյանք էլ չի լինի:

Բացի այդ՝ վկայի խոսքով, ինքը կենտրոնացել է հաղորդման թեմաների, ոչ թե հայհոյանքների վրա, ու երբեւէ անհարմարություն, անհանգստություն կամ տագնապ չի ապրել այդ հաղորդումները դիտելիս ու  ոչ մեկի մոտ չի ասել, որ այդ հաղորդումները խանգարել են իր անդորրը: Հիշեցնենք, որ այս վկան մեղադրող կողմի բերված վկաներից է ու նրա նախաքննական ցուցմունքն էլ է հիմք եղել մեղադրանքի:

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ էական հակասություններ կան վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում ու միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:

Հրապարակվեց նախաքննական ցուցմունքը, ըստ որի, վկան հայտնել էր, որ իրենց տանը չեն հայհոյում ու հայհոյանքը նորմալ չէ, հաճելի չէ, որ հաղորդման ժամանակ հնչում են հայհոյանքներ: Իր համար ընդունելի չեն հայհոյանքներն առհասարակ հաղորդումների ընթացքում:

Վկան նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասության վերաբերյալ ասաց, որ չի հասկանում՝ որտեղ է  հակասությունը: Նա պնդեց,  որ հիմա էլ է վատ վերաբերում հայհոյանքին, բայց յութուբով հաղորդումը նայել է իր ընտրությամբ:

Վկան պարզաբանեց, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն ընդհանուր հարցեր է տվել, «հայհոյանքը ընդունելի չէ» իր պատասխանն էլ առհասարակ հայհոյանքի վերաբերյալ է եղել, ոչ թե տվյալ հաղորդմանն է վերաբերել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930