Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ այս կառավարությունը պատրաստ չէ իր ինքնիշխանությունը զիջել՝ լոլիկին եւ ծիրանին». Գեւորգ Պապոյան

Նոյեմբեր 06,2024 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի տպավորությամբ, ամեն ինչ դրական է գնում եւ Հայաստանն ու Ադրբեջանը կարծես պատրաստ են Խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Ստորագրման ժամկետների մասին Գեւորգ Պապոյանը ոչինչ ասել չի կարող, բայց վստահեցնում է՝ եթե որեւէ խոչընդոտ չառաջանա, Հայաստանն այնքան է պատրաստ, որ մեկ շաբաթում կարող է գործընթացն ավարտին հասցնել: Ադրբեջանից՝ ուժի եւ սպառնալիքի մասին վերջին հայտարարություններն էլ չմեկնաբանեց: Ասաց՝ անձամբ չի կարդացել ու չի պատրաստվում մի քանի անգամ փոխակերպված տեքստերը մեկնաբանել:

Հարցին՝ իր լավատեսությունը որտեղի՞ց է, Ադրբեջանի ո՞ր գործողություններից է նման եզրահանգումներ արել, Գեւորգ Պապոյանը պատասխանեց՝ ընդհանուր գործընթացից: Իհարկե, նա չի հերքում, որ կան չհամաձայնեցված հարցեր, բայց ինքը նախ բանակցությունների մանրամասներին չի տիրապետում, երկրորդ՝ տիրապետեր էլ, իրավունք չէր ունենա շատ մանրամասներ հրապարակել:

Այս համատեքստում, անդրադառնալով դիտարկումներին, որ ԱՄՆ-ում Հանրապետականների եւ Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է արագացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքին, Գեւորգ Պապոյանն առաջարկեց՝ հանգիստ թողնել ԱՄՆ-ին ու հորդորեց՝ իրեն չդրդել սիրողական մակարդակում վերլուծություններ անել եւ գնահատականներ տալ: Բայց վստահեցրեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, ամեն ինչ այդպես էլ մնալու է: Փոխարենը բարձրաձայնեց ՀՀ-ի առաջնահերթությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, խաղաղության հաստատում:

«Ծիրան և ինքնիշխանություն բանաձևը ես չեմ պատրաստվում փոխել։ Չեմ պատրաստվում որևէ երկրի ղեկավարությանը խնդրել, ասել՝ կլինի՞ մեր այս մի բեռնատար վատ ծիրանն ընդունեք: Ոչ։ Որովհետև, եթե դու որևէ մեկին խնդրում ես, որ քո վատ ծիրանը, լոլիկը, կամ որևէ այլ բանն ընդունի, ապա այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այն, ինչը քո օրենքներից դուրս է, այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այս կառավարությունը պատրաստ չէ մեր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով»,- ասաց Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից հայկական սննդամթերքների դեմ սահմանափակումներին: Ընդհանուր առմամբ, նա նորմալ է նայում որակի նկատմամբ պահանջներին եւ տեղեկացնում է, որ հայկական կողմն էլ է շատ ապրանքներ ետ ուղարկում՝ որակին չհամապատասխանելու համար: Այս համատեքստում նա քաղաքական խնդիրներ չի տեսնում. բոլոր խոսակցությունները տարել են որակին: Ինքն էլ արտահանողներին հորդորում է՝ որակյալ ապրանք արտահանել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930