Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8–ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։
Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք չենք մասնակցելու, ՔՊ-ի օրակարգի մեջ չենք մտնելու և նրանց ջրաղացին ջուր չենք լցնելու։ ՔՊ-ի ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն անընդունելի է մեզ համար՝ կապված իրենց վարած քաղաքականության հետ։ Մեր մասով քվորում չենք ապահովելու։ Վստահորեն կարող ենք ասել, որ նոյեմբերի 8-ին շոու է լինելու, մենք էլ շոուներին մասնակցելու ցանկություն չունենք»։
Հիշեցնենք, որ նիստին չի մասնակցելու նաև «Ապրելու երկիր» խմբակցությունը։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էր այս խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, արտահերթ նիստը հրավիրվում է օրենքի խախտմամբ․ ՔՊ-ն, որը զբաղեցնում է ավագանու կազմի 1/3-ը, թեև իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու, սակայն իրավունք չունի որոշելու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստի օրը։ Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը որոշվում է համայնքի ավագանու կողմից՝ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 142․ 3 հոդված մասի 1-ին մասի։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ