Ֆրանսիացի թենիսիստ Ուգո Ումբերը Փարիզում անցկացված մրցաշարի կիսաեզրափակչից հետո, որում առավելության էր հասել Կարեն Խաչանովի նկատմամբ, իր վարքագծի համար ներողություն է խնդրել ռուսաստանաբնակ մեր հայրենակցից:
Հանդիպման երրորդ սեթում Խաչանովը վնասել էր ոտքը, իսկ մրցակիցը դրանից հետո մնացած գեյմերում շարունակել էր անթաքույց ուրախանալ գնդակի ամեն մի հաջող խաղարկության համար: Հանդիպումից հետո Խաչանովը քննադատել էր Ումբերին՝ նշելով, որ նա պետք է հանգստություն պահպաներ եւ հարգանք ցուցադրեր:
«Կցանկանային մի քանի խոսք ասել Կարենի հետ այդ կիսաեզրափակչի մասին: Ֆիզիոթերապեւտին հրավիրելուց հետո ես մտածեցի, թե նրա մոտ մկանային դող է, քանի որ 2,5 ժամ ինտենսիվ խաղից հետո ինձ մոտ էլ էր գրեթե նույնն սկսվում: Այս տարի ես նմանատիպ հանգամանքներում մեկ անգամ չէ, որ պարտվել եմ, բայց այս անգամ մնացի շատ կենտրոնացած»,-գրել է Ումբերը իր սոցիալական էջերում:
Նա ափսոսանք է հայտնել, որ իր գործողությունները ճիշտ չեն ընկալվել: «Ես անձամբ կապվել եմ Կարենի հետ ներողություն խնդրելու համար: Ես շատ եմ հարգում Կարենին եւ բոլոր մրցակիցներին, ում հետ երբեւէ հանդիպել եմ: Սա ինձ դաս կլինի, որ հետագայում ավելի լավը լինեմ: Այս մրցաշարն ինձ շատ բան սովորեցրեց»,- գրել է մարզիկը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ