Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտել COP 29-ը կամ ազդեցիկ ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա

Նոյեմբեր 06,2024 18:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը, որը պաշտոնական Բաքուն անցկացնելու է կամայականորեն կալանավորված քաղբանտարկյալների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, քաղաքական գործիչների ու անկախ լրագրողների հետապնդումների ու բռնաճնշումների պայմաններում։ Այս ամենից զատ՝ Ադրբեջանը դեռեւս շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը, խաղաղության բանակցությունների անվան տակ շարունակում է Բաքվում անօրինական պահել հայ ռազմագերիներին ու Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը՝ դրժելով բոլոր տեսակի պայմանավորվածությունները։ 120 հազար հայեր մեկ տարի առաջ դարձան ադրբեջանական էթնիկ զտման զոհեր եւ թողեցին իրենց հազարամյա հայրենիքը։ Հազարավորները զոհվեցին կամ անհետ կորան։ Ավելին, հաստատված հրադադարից հետո՝ ադրբեջանական զինված ուժերը մտել են հայկական տարածքներ եւ մինչ օրս չեն հեռացել այդ տարածքներից։ Այս մասին հայտարարել է նաեւ Եվրոպական խորհրդարանը, որն իր բանաձեւով վերահաստատում է պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այս մասին լուրջ մտահոգություն են հայտնում նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն ու մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները։ Ավելին, Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Մինչդեռ, Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւում հատուկ նշվում է . «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին»։

Հետեւելով Եվրոխորհրդարանի կոչերին, մենք նույնպես կոչ ենք անում Եվրոպական միությանը և նրա անդամ պետություններին, մասնավորապես Ռումինիայի պաշտոնական շրջանակներին, կառավարությանը, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների ցուցանիշները վատն են եւ ԵՄ-ն պետք է դադարեցնի ադրբեջանական գազից կախվածությունը, կասեցնի 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի նախապայման պետք է լինի լինի բոլոր 23 քաղբանտարկյալների ազատ արձակումը, իրավական բարեփոխումների իրականացումը և այդ երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավումը։

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։ Ուստի, ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Մենք նաեւ խորը մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման առնչությամբ, եւ կոչ ենք անում ազդեցիկ ճնշումների միջոցով Ադրբեջանին ստիպել հրաժարվելու հայկական մշակութային, պատմական եւ հոգեւոր ժառանգության ոչնչացման քաղաքականությունից։ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ, որտեղ մեկ տարվա ընթացքում ոչնչացվել են հայկական մշակութային կոթողներ ու հուշարձաններ, ամբողջական գերեզմաններ։

Ադրբեջանի վրա ազդելու միջոցներից մեկը COP-29-ի բոյկոտումն է կամ մասնակցելու դեպքում Բաքվում այս բոլոր հարցերը բարձրացնելը։ Բայց արդյո՞ք մասնակիցները համարձակություն կունենան խոսել Ադրբեջանի կատարած հանցավոր քաղաքականության մասին։ Բայց արդյո՞ք կկարողանան խոսել, եթե ՄԱԿ-ի հետ կնքված համաձայնագրով հատուկ կետ է մտցվել, որտեղ գրված է, որ արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր մասնակիցները ․․․«պարտավոր են հարգել Ադրբեջանի Հանրապետությունում գործող օրենքներն ու կանոնակարգերը և պարտավոր են չմիջամտել նրա ներքին գործերին»։ Այսինքն` քննադատելու իրավունք չունեն։ Հոկտեմբերի 10-ին Human Rights Watch կազմակերպությունը (HRW) այս առնչությամբ հրապարակած հոդվածով արդեն իսկ իր լուրջ մտահոգությունն է հայտնել Բաքվի կողմից համաժողովի հյուրընկալման կապակցությամբ։

Հետեւաբար, Ռումին պաշտոնական ներկայացուցիչները պետք է Ադրբեջանին կոչ անեն կատարել ոչ միայն Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի պահանջները, այլեւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը, համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։

 

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց

Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի

Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930