Թումոն ընդլայնում է իր աշխարհագրությունը. Բուենոս Այրեսի կենտրոնը կբացվի 2025-ի ամռանը
Թումոյի կրթական մոդելը շուտով հասանելի կդառնա Բուենոս Այրեսի պատանիների համար. 2025-ի ամռանը կբացվի առաջին Թումո կենտրոնը Հարավային Ամերիկայում։ Նախագիծը իրականություն կդառնա Թումոյի և Բուենոս Այրեսի կրթության նախարարության համագործակցության շնորհիվ։
Նոյեմների 5-ին Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին և կրթության նախարար Մերսեդես Միգելը Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, ինչպես նաև զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի հետ ստորագրեցին Թումո Բուենոս Այրեսի հիմնադրման մասին համաձայնագիրը:
Կենտրոնը կտեղակայվի քաղաքի Centro Metropolitano de Diseño նորարարական կենտրոնում: Ստորագրման արարողությանն ընդառաջ քաղաքապետ Մակրին և Թումոյի հիմնադիրները շրջեցին ապագա Թումոյի տարածքում և քննարկեցին ծրագրի իրականացման փուլերը։
Բուենոս Այրեսի Թումոն հնարավորություն կընձեռի մոտ 3000 պատանու մասնագիտական կրթություն ստանալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ստեղծումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, ծրագրավորումը և ավելին: Կենտրոնում պատանիները կկարողանան զարգացնել ապագայում տեխնոլոգիական աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները:
Բուենոս Այրեսի կենտրոնի հիմնադրումը կարևոր նշաձող է Թումոյի համաշխարհային ընդլայնման համար։ Հայաստանում ստեղծված կրթական ծրագիրն արդեն հասանելի է Եվրոպայում և Միջին Արևելքում: Այժմ Թումո կենտրոններ են գործում Փարիզում, Բեռլինում, Տիրանայում, Մանհայմում, Կոիմբրայում, Լիոնում, Լվովում, Մարսելում, Բեյրութում և Լիսաբոնում` արտացոլելով աշխարհի պատանիների համար կյանք փոխող կրթական փորձառություն ստեղծելու առաքելությունը: Ի հավելումն Բուենոս Այրեսի կենտրոնի՝ Թումոն նախատեսում է բացել կենտրոններ Մոնտեվիդեոյում, Լոս Անջելեսում, Ամստերդամում, Լուանդայում, Քութայիսում, Տակասակիում և Գերմանիայի մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Հիրշայդը, Լյուդենշեյդը, Սաարբրյուկենը, Ֆրանկֆուրտը և Քյոլնը:
«Ամեն օր չէ, որ Թումոյի հիմնաքար ենք դնում նոր մայրցամաքում կամ մոլորակի մյուս կիսագնդում: Թումո Բուենոս Այրեսը հպարտանալու առիթ է, և ես ուրախ եմ, որ մենք այս ամենն անում ենք հուսալի գործընկերոջ` Բուենոս Այրեսի ղեկավարության և մեր հիմնադիրներ Սեմ ու Սիլվա Սիմոնյանների հետ` իմանալով, որ սա սպասվող մի շարք Թումո կենտրոններից առաջինն է այս քաղաքում, Արգենտինայում և ամբողջ Հարավային Ամերիկայում», – նշեց Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
Կարդացեք նաև
«Քաղաքում Թումո ունենալով՝ մեր երիտասարդներին հնարավորություն կտանք ստանալ լավագույն կրթությունը, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան, որը սկսվում է հենց այսօր: Թումոյի հետ մեր սերունդները ձեռք կբերեն սովորելու, ստեղծելու և ավելի մեծ երազանքներ ունենալու գործիքներ», – նշեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին:
Բուենոս Այրեսի կենտրոնը Հարավային Ամերիկայում Թումոյի ճանապարհի միայն սկիզբն է, քանի որ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն այլ կենտրոնների համար, որոնք կապահովեն բարձրորակ նորարար կրթական ծրագրեր: Այս ընդլայնումն արտացոլում է կրթությունը վերափոխելու և այն պատանիներին հասանելի, հետաքրքիր և ակտուալ դարձնելու Թումոյի տեսլականը` անկախ աշխարհում նրանց գտնվելու վայրից:
Թումոյի մասին
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել տեխնոլոգիական և ստեղծարար ոլորտներ՝ առանց ուսման վճարի: Այն հիմնադրվել է Հայաստանում և այժմ ունի միջազգային կրթական ցանց, որի մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։
Թումո