Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցները կրթության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրական առաջարկ են մշակել

Նոյեմբեր 06,2024 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն օրենսդրական առաջարկ են մշակել, որը վերաբերում է կրթության ֆինանսավորմանը: Առաջարկն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է պատգամավորների քննարկմանը:

Երիտասարդական խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Հարությունյանի խոսքով Հայաստանի զարգացման գերակա ուղղություններից է բարձրորակ կրթության հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, սակայն պետական բուհերի բազմաթիվ ուսանողներ ֆինանսական միջոցների սղության պատճառով զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման նորարարական հետվճարային համակարգ: Ստեղծվելիք պետական հատուկ ֆոնդը կֆինանսավորի ուսանողների կրթությունը՝ վճարելով ուսումնական վարձավճարը եւ ապահովելով երկարաժամկետ հետվճարային մեխանիզմը: Առաջարկով ֆոնդը կգործի ԿԳՄՍ նախարարության, Կենտրոնական բանկի եւ Ֆինանսների նախարարության ղեկավարման, ինչպես նաեւ կոմերցիոն բանկերի վերահսկողության ներքո:

«Համակարգի առանցքային առավելությունն այն է, որ ուսանողները կկարողանան ստանալ բարձրագույն կրթություն՝ առանց ուսման վարձն անմիջապես վճարելու: Փոխարենը նրանք կսկսեն մարել ամբողջական գումարը՝ ըստ նախապես նշանակված ժամկետի եւ ամսական վճարի չափի: Տեւողությունը եւ ամսական վճարի չափը պայմանավորված կլինեն ընտանիքի վճարունակությամբ»,- պարզաբանել է զեկուցողը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մանրամասնել է, որ ստեղծվելիք ֆոնդը սոցիալապես անապահով ուսանողներին գրեթե 0-ական տոկոսով կտրամադրի արտոնյալ ուսանողական վարկեր: Ենթադրաբար ֆոնդը կֆինանսավորվի պետական բյուջեից:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ ներկայացուցիչները ողջունել են երիտասարդների նախաձեռնողականությունը եւ փորձել հասկանալ վարկավորման տրամադրման առաջարկվող մեխանիզմներն ու պայմանները, աջակցության այլ ծրագրերի հետ համեմատականները, բանկային համակարգի խնդիրները, հետվճարային ծրագրի առանձնահատկությունները եւ նախաձեռնությանը վերաբերող այլ դրույթները:

Բաբկեն Թունյանն առաջարկել է հետաձգել նախաձեռնության քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկետով, այդ ընթացքում լրամշակել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Նշենք, որ Երիտասարդական խորհրդարանի անդամները նախաձեռնությունը հանձնաժողովում ներկայացրել են «Երիտասարդական խորհրդարանի նմանակում» պիլոտային կրթական ծրագրի շրջանակում: Նախագիծը Երիտասարդական խորհրդարանի նիստում քվեարկությամբ ստացել էր ձայների մեծամասնությունը:

«Երիտասարդական խորհրդարանի նմանակում» կրթական ծրագիրը հաջողելու դեպքում կդառնա շարունակական եւ կլինի Ազգային ժողովում իրականացվող կրթական ծրագրերի մասը:

«Երիտասարդական խորհրդարանն» իրականացվում է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ: Վերջինս ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930