Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թրամփի նախագահության օրոք մենք տեսանք 44-օրյա պատերազմը, իսկ դեմոկրատների իշխանության օրոք՝ Արցախի հայաթափումը. Ձյունիկ Աղաջանյան

Նոյեմբեր 06,2024 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդեն կարող ենք արձանագրել, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ 47-րդ նախագահ: Նախնական արդյունքներով կարող ենք արձանագրել, որ դժգոհության եւ բողոքի ծավալը երկրում այնքան մեծ էր, որ ակնհայտորեն խախտումների այն հնարավորությունները, որին դիմեցին դեմոկրատները, եւ որոնք կարող էին արդյունքների վրա ազդեցություն ունենալ, չկարողացան փոխել արդյունքը»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին՝ նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Ձյունիկ Աղաջանյան

Նրա խոսքով. «Այս արձանագրումը խոսում է այն մասին, որ ժողովրդավարական ընկալումները, գործընթացները լիովին չեն մեռել ԱՄՆ-ում, եւ հույսեր կան, որ դրանք ինչ-որ մի տեղ վերակենդանացման դրսեւորումներ կունենան: Թեեւ ենթադրում եմ, որ ներքաղաքական պայքարը, որ կար, եւ որը սարսափելի ձեւեր էր ստացել, ավելի ընդհատակ կանցնի, ինչը մենք արդեն տեսել ենք 2016թ ընտրությունների ժամանակ, ինչի մասին նաեւ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը գրել է իր գրքում՝ հստակ նշելով, որ ներքին շերտերը բոլորովին այլ քաղաքականություն էին իրականացնում եւ խաբում էին նախագահին:

Հուսամ, որ Թրամփն իր առաջին նախագահության փորձն ունենալով՝ բոլոր հնարավոր կանխարգելիչ գործառույթները կիրականացնի, որպեսզի թույլ չտա նման իրավիճակ: Դրան կնպաստի նաեւ այն, որ Հանրապետականները գոնե առաջիկա երկու տարվա համար ձայների մեծամասնություն են ստացել ամբողջ Կոնգրեսում՝ թե Ներկայացուցիչների պալատում, թե Սենատում: Այսինքն, օրենսդիրների մակարդակով իր քաղաքականությանը եւ ծրագրերին խոչընդոտ չի լինի»:

Ձյունիկ Աղաջանյանն ընդգծում է. «Իսկ մեր մասով բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվում, եւ դա նաեւ արտացոլվում է մեր հայ համայնքի դիրքորոշման առումով: Պատահական չէ, որ հայ համայնքը եւ արդեն իսկ գործող կառույցները հստակ աջակցության կոչերով հանդես չեկան, որովհետեւ Թրամփի նախագահության օրոք մենք տեսանք հակահայկական ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքում տեսանք 44-օրյա պատերազմը, իսկ դեմոկրատների իշխանության օրոք՝ Արցախի հայաթափումը:

Նրանցից որեւէ մեկի պարագայում, բացի դատարկ հայտարարություններից եւ ժողովրդավարության սկզբունքներին աջակցության շեփորահարումներից, ուրիշ գործողության ականատես չեղանք, ինչով պայմանավորված էր նաեւ հայ համայնքի դիրքորոշումը: Իրենք թողեցին նաեւ անհատ անձանց մոտեցումներին եւ խորհուրդների կարգով նրանց չխրախուսեցին այս կամ այն թեւին աջակցելուն»:

Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ մեզ համար առավել վտանգավոր է միջանկյալ ժամանակահատվածը, երբ արդեն հստակ է, որ դեմոկրատները հեռանալու են, իսկ Թրամփը դեռ իշխանության չի եկել. «Այս շրջանի ամենաակտիվ ցուցիչը գիշերվա կեսին Իսրայելի նախագահի կողմից իր երկրի պաշտպանության նախարարին հրաժեշտ տալն էր եւ մեկ այլ անձի նշանակումը, ով հայտնի է իր խիստ ծայրահեղական դիրքորոշումներով: Սա նշանակում է, որ մենք կտեսնենք շատ սուր եւ պոռթկուն զարգացումներ Իսրայելում, Մերձավոր Արեւելքում՝ նպատակաուղղված Իրանին ուղիղ առճակատման մեջ ներքաշելուն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից լուսանկարը՝ ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930