Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանի և Եվա Գևորգյանի մասնակցությամբ համերգները Սերբիայում մեծ ընդունելության են արժանացել 

Նոյեմբեր 06,2024 13:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 24-ին և 26-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համերգներով հանդես եկավ Սերբիայում անցկացված «Bemus» և «Nomus» երաժշտական փառատոների շրջանակում՝ ղեկավարելով Վոյվոդինայի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգների ընթացքում ներկայացվել են Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։ Որպես մենակատար ելույթ է ունեցել դաշնակահար Եվա Գևորգյանը։ Համերգները կազմակերպվել են Բելգրադի փառատոների կենտրոնի և «Almazian Productions» ընկերության կողմից և անցկացվել են Սերբիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո՝ Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով։

Սերբիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համերգից հետո ներկայացնելով իր տպավորությունները, նշել է, որ մեծ հպարտություն է, երբ Բելգրադի համերգասրահը հոտնկայս ծափահարում է մեր տաղանդավոր արվեստագետներին։

«Bemus» փառատոնի կառավարման խորհրդի նախագահ Միլան Լազովիչն ընդգծել է, որ «Bemus»-ի պահանջկոտ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու երկու հիասքանչ արտիստի՝ դաշնակահար Եվա Գևորգյանին, որը անհավանական վարպետությամբ, եռանդով կատարեց Ռախմանինովի Դաշնամուրի 3-րդ կոնցերտը, և ակնհայտ է, որ նա շատ շուտով կդառնա դասական երաժշտության մեծ աստղ, ինչպես նաև՝ հրաշալի մաեստրո Սերգեյ Սմբատյանին, որը Շոստակովիչի սիմֆոնիայի իր մեկնաբանմամբ հմայեց Բելգրադի երաժշտասեր հանրությանը։ Ըստ Միլան Լազովիչի՝ համաշխարհային մակարդակի այս համերգը երկար կհիշվի։

«Almazian Productions»-ի գլխավոր պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանն իր խոսքում նշել է, որ առանձնահատուկ զգացողություն է՝ տեսնել մեր արտիստներին Սերբիայի ամենակարևոր բեմում և ամենահեղինակավոր փառատոներում։ «Որպես երաժիշտ, որպես պրոդյուսեր և որպես հայ՝ երջանկություն է ակնդրել և ունկնդրել այսպիսի բարձրակարգ համերգ։ Սա առանձնահատուկ հպարտություն է։ Անչափ երախտապարտ եմ թե՛ արտիստներին, թե՛ նվագախմբին, թե՛ ունկնդրին»,-ասաց Խաչատուր Ալմազյանը։

Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում և մեծ ընդունելության են արժանացել ունկնդրի կողմից։ Երաժշտական քննադատ Մարկո Երեմիչն ընդգծել է. «Ծրագիրը թեև խիստ պարտավորեցնող էր, սակայն 20-ամյա դաշնակահարուհին ցուցադրեց տեխնիկական բարձր պատրաստվածություն ու երաժշտականություն։ Ակներև էր Սերգեյ Սմբատյանի մանրակրկիտ մտածված դիրիժորական մոտեցումը։ Շոստակովիչի սիմֆոնիան ներկայացվեց շատ բարձր մակարդակով։ Պարտիտուրի իր մեկնաբանմամբ մաեստրո Սերգեյ Սմբատյանը յուրահատուկ շունչ հաղորդեց սիմֆոնիային՝ լի հստակ մեղեդիներով ու դինամիկ փոփոխություններով»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930