Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությո՞ւն, թե՞ մոգություն. կպատասխանի Գյումրու երիտասարդական թատերախումբը

Նոյեմբեր 06,2024 12:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թագավորություններից մեկում ծնվում է թագաժառանգ: Ծաղրածուի խորհրդով` թագավորը հրամայում է պատրաստել այնպիսի տիկնիկ, որը կկրթի թագաժառանգին: Սակայն հրամանը չի գայթակղում պալատականներին և նրանք փորձում են կախարդանքի միջոցով խանգարել Ծաղրածուին:

Այս թագավորությունը գտնվում է Գյումրիում, ավելի կոնկրետ՝ Գյումրու երիտասարդական թատերախմբում: Երիտասարդ արտիստները որոշել են իրենց բազմագույն խաղացանկում կրթության կարևորության մասին ներկայացում ունենալ:

«Երեք տիկնիկների գաղտնիքը» պիեսը գրվել է Սուրեն Քոչարյանի համանուն հեքիաթի մոտիվներով: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Գյումրու երիտասարդական թատերախմբի հիմնադիր և ռեժիսոր Արմեն Արշալույսյանն է: Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հեքիաթը հիմք է հանդիսացել ուսուցողական պատմություն ներկայացնելու համար: Մեծերի ու փոքրերի համար այս ներկայացումն արդեն շուրջ 700 հանդիսատես է ունեցել:

Հեքիաթի բեմադրությունը, շունչ ու հոգի ստանալով երիտասարդ արվեստագետների համատեղ աշխատանքի շնորհիվ, վերածվում է կախարդական իրականության։ Անահիտ Ղազարյանի նուրբ զգացողությամբ ընտրված երաժշտական ձևավորումը հեքիաթային մթնոլորտ է ստեղծում՝ հանդիսատեսին անմիջապես տանում կախարդական աշխարհի խորխորատները։ Կարինե Հայրապետյանի պատկերավոր նկարչական ձևավորումը բեմին հաղորդում է երազկոտ տեսարաններ. յուրաքանչյուր դետալ արտացոլում է պատմության խորհուրդն ու խորությունը։ Իսկ «Զանան» նորաձևության տան կողմից ստեղծված հագուստները կերպարներին հաղորդում են նրանց էության հատկանիշները՝ դարձնելով հերոսներին ավելի վառ ու անմոռանալի։

Ներկայացման մեջ դերակատարումներով հանդես են գալիս Դավիթ Մարդոյանը, Փառանձեմ Սահակյանը, Արմեն Արշալույսյանը, Անահիտ Ղազարյանը, Նարեկ Հարությունյանը և Սուսաննա Կարապետյանը։

Արմենի խոսքով՝ ներկայացման մեջ ծաղրածուն խոհեմության ու իմաստության մարմնավորողն է, իսկ թագավորը՝ ուժի: Ներկայացման ընթացքում նաև նրանք ցույց են տալիս, որ մեկն առանց մյուսի գործել չի կարող:

-Ինձ համար կարևոր է նաև ուժեղ տեսողական զգացողություն ունենալը, որն օգնում է ստեղծել անսովոր կերպարներ և կախարդական միջավայր՝ հանդիսատեսին տպավորելու համար։ Փորձել եմ բացահայտել ու ընդգծել այս պատմության կարևորությունը՝ ընդգծելով յուրաքանչյուր կերպարի ներքին նպատակներն ու դերը,- հավելեց Արմեն Արշալույսյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու երիտասարդական թատերախմբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ափսոս, որ այսպիսի անմակարադակ բաներ են բեմադրում երիտասարդները: Դիտեցինք, ձանձրացանք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930