Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի վերադարձի դեպքում Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվել աշխարհում կայունության հնարավոր վերականգնումից

Նոյեմբեր 06,2024 13:30

Հոդվածը գրվել է՝ մինչեւ ընտրության արդյունքը հայտնի դառնալը. խմբ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրության մասին հայ հանրությունում քննարկվում է, թե որ թեկնածուն է ավելի նախընտրելի Հայաստանի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանային վերադասավորումներն ու աշխարհաքաղաքական վայրիվերումները:

«Փորձագիտական» եւ «վերլուծական» շրջանակների մոտ գերակշռում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի անունը: Հասարակությունում տարածված են նաեւ չհիմնավորված թեզեր առ այն, որ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձի դեպքում «մենք կորած ենք, Ռուսաստանը մեր վերջը կտա»:

Բայց արդյո՞ք ամեն ինչ այդչափ միանշանակ է: Արդյո՞ք թեկնածուներից որեւէ մեկի հաղթանակը միանշանակ օգուտ կամ միանշանակ վնաս է բերելու Հայաստանին:

Բայդեն-Հարիս վարչակազմն աջակցում է ՀՀ-ին

Իհարկե, Նահանգների գործող իշխանությունը՝ նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարիսի առաջնորդությամբ, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին:

2024-ի հունիսի 11-ին Երեւանն ու Վաշինգտոնը հայտարարեցին՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակից բարձրացնում են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչն, անշուշտ, նշանակալից իրադարձություն է հայ-ամերիկյան 32-ամյա փոխհարաբերությունների համար:

2024-ի ապրիլի 5-ին էլ Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Ժոզեպ Բորել-Էնթոնի Բլինքեն հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կիսում է հայ ժողովրդի՝ հզոր, անկախ պետություն ունենալու տեսլականը:

«Մենք նախատեսում ենք տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն 2023 թվականի բյուջետային տարվա մեր միջոցներից: Դա ավելի քան 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական ճկունությանը՝ պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկ դիվերսիֆիկացման, առեւտրային գործընկերների դիվերսիֆիկացման եւ վարչապետի սահմանած այլ առաջնահերթությունների համար ներդրումներով»,-իր խոսքում շեշտել է Բլինքենը:

Այսինքն, հավանական է եւ հիմքեր կան կանխատեսելու, որ եթե Ջո Բայդենին փոխարինելու գա Քամալա Հարիսը, Վաշինգտոնի ներկայիս վարած քաղաքականությունը Երեւանի հանդեպ կշարունակվի: Չմոռանանք նաեւ, որ հայտնի հայամետ կոնգրեսականները՝ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Նենսի Փելոսին, Աննա Էշյուն եւ այլք դեմոկրատ են:

ԱՄՆ-ՌԴ թշնամությունը եւ անկայունությունը Եվրոպայում

Բայդեն-Հարիս վարչակազմի օրոք, սակայն, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները «հակառակորդային» բնույթից դարձել են գրեթե թշնամական՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով: Կիեւին անվերապահ աջակցելով՝ նախագահ Ջո Բայդենը իր ռուսաստանցի պաշտոնակցին անգամ «պատերազմական հանցագործ» է որակել:

Այդ ձեւակերպման հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց Վաշինգտոնի անզիջում վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ եւ համոզմունքը, որ Ուկրաինան կարող է մի օր հաղթել Ռուսաստանին, ամբողջ Եվրոպան դարձրել են անկայունության օջախ: ԱՄՆ-ՌԴ սրված հարաբերությունները Հայաստանի համար եւս ստեղծում են բազմաթիվ բարդություններ՝ ռուս-ամերիկյան շահերի բախման հիբրիդային վայր դառնալու սպառնալիքով։

Կայունության վերականգնման հնարավորությունը

Դոնալդ Թրամփը, մինչդեռ, ավելի կառուցողական է տրամադրված Մոսկվայի նկատմամբ:  2024-ի սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ խոսակցությունից հետո, նախագահի հանրապետական թեկնածուն հավաստիացրեց, որ լավ հարաբերություններ ունի Զելենսկու հետ, բայց հավելեց՝ «Ինչպես գիտեք, ես նաեւ շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ, եւ կարծում եմ՝ եթե հաղթենք (ընտրություններում – Ա.Ա.), մենք շատ արագ կլուծենք այն (ռուս-ուկրաինական պատերազմը – Ա.Ա.)…Մենք երկուսս էլ (Թրամփն ու Զելենսկին – Ա.Ա.) ցանկանում ենք տեսնել պատերազմն ավարտված, եւ երկուսս էլ ցանկանում ենք տեսնել արդար գործարքի կայացումը»:

Թրամփի տրամադրվածության մեջ իրատեսության զգացողություն կա: Կարգավորված, կամ առնվազն թշնամությունից զերծ եւ կառուցողական հունով ընթացող ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի հավանական են դարձնում Բայդեն-Հարիս վարչակազմի օրոք դեֆիցիտային դարձած խաղաղությունը, կանխատեսելիությունն ու կայունությունը, եթե ոչ ողջ աշխարհի, ապա գոնե եվրոպական լայն տարածաշրջանի համար, որի մասն է նաեւ մեր երկիրը։

ԱՄՆ-ՌԴ ոչ թշնամական հարաբերությունները եւ Հայաստանը

Այս դեպքում, Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա բոլոր ուղղություններով տնտեսական եւ անվտանգային արտաքին քաղաքականություն վարել, քանի որ ԱՄՆ-ի հետ սերտ քաղաքական կամ անվտանգային խորացող շփումներն ավելի քիչ կգրգռեն Մոսկվային, իսկ Ռուսաստանի հետ խորացող տնտեսական հարաբերությունները՝ ամիս առ ամիս ավելացող առեւտրաշրջանառությունը Վաշինգտոնում ավելի քիչ խանդ կառաջացնեն:

Սրանք կարող են ավելի պտղաբեր լինել մեր պետության զարգացմանը, քան Հարիսի ուղիղ ֆինանսական աջակցությունը Հայաստանին կամ դեմոկրատ կոնգրեսմենների խոսքից գործի չվերածվող հայտարարությունները:

ԱՄՆ-ՌԴ փոխըմբռնելի հարաբերությունների վերահաստատման դեպքում, Հայաստանը կխուսափի նաեւ աշխարհի երկու խոշոր խաղացողների վտանգավոր մրցակցության եւ բախման հարթակ դառնալուց: Այսօր դրա վտանգն իրական է։

Թրամփն էլ է ուշադրություն դարձրել Հայաստանին

Անհիմն են նաեւ պնդումները, թե Թրամփի վարչակազմին չի հետաքրքրել Հայաստանը։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը դարձավ այս տարվա հունիսին հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման հիմքը, մեկնարկել է 2019 թվականին՝ Թրամփի նախագահության շրջանում։

Մարտահրավերներ՝ Իրանի նկատմամբ Թրամփի անհանդուրժող կեցվածքի առնչությամբ

Ի տարբերություն Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններ վարելու պատրաստակամության, Թրամփը բավականին անհանդուրժող է մեր հարավային հարեւան Իրանի նկատմամբ՝ հատկապես Իրան-Իսրայել ռմբակոծությունների ֆոնին: Իսլամական Հանրապետությանը Թրամփը մեղադրել է «ահաբեկչությունն ամբողջ աշխարհ արտահանելու համար»:

Հիշենք նաեւ 2020-ի հունվարին Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքում իրանցի ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որի մասին Թեհրանում չեն մոռանում մինչ այժմ:

Իսրայելի եւ Ադրբեջանի գործոնը

Դոնալդ Թրամփը նաեւ անհամեմատ ավելի իսրայելամետ է: Չնայած Ջո Բայդենի անվերապահ աջակցությանը հրեական պետությանը՝ Թրամփը Բայդենի հետ հունիսին կայացած նախագահական հեռուստաբանավեճի ժամանակ տարակուսեց, որ Բայդենը թույլ չի տալիս Իսրայելին «գործն ավարտին հասցնել»՝ նկատի ունենալով ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը:

Չպետք է բացառել, որ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության դեպքում Վաշինգտոնն ու Թել Ավիվը կփորձեն որեւէ կերպ, մեծ կամ փոքր մասշտաբով, վնաս հասցնել Թեհրանին: Այս սցենարում Բաքուն, որը Երեւանի նկատմամբ լցված է առավելապաշտությամբ, նույնպես կարող է դեր խաղալ, ինչն, իհարկե, կմեծացնի Ադրբեջանի դերն ԱՄՆ-ի համար՝ ստվերելով Հայաստանինը:

Այսուհանդերձ, Իրանի դեմ գործողություններ հնարավոր են նաեւ Հարիսի նախագահության պարագայում, քանի որ ԻԻՀ-ԱՄՆ հարաբերությունները չարակամ են Իսլամական հեղափոխությունից ի վեր։

Իրանը Հայաստանի երկու դարպասներից մեկն է դեպի արտաքին աշխարհ

Դրական նորությունների շարքից է պաշտոնը վերջերս ստանձնած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը, ըստ որի՝ նա կառուցողական է տրամադրված Արեւմուտքի հանդեպ:

Իսկ եթե Թրամփը որոշի սաստկացնել ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը Իրանի հանդեպ, դժվար թե Հայաստանին Վաշինգտոնից ստիպեն հակաիրանական ճակատ դառնալ: 1991-ից ի վեր ԱՄՆ վարչակազմերն ըմբռնել են այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի երկու դարպասներից մեկն է դեպի արտաքին աշխարհ, Իրանն էլ խնդիր չի տեսել եւ տեսնում Արեւմուտքի հետ ՀՀ հարաբերություններում, համենայնդեպս, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում ընդգծել է, որ «չկա մի բան, որ արվում է ՀՀ-ի կողմից եւ չի ողջունվում, ասենք, դիսոնանս ունի Իրանի Իսլամական Հանրապետության պատկերացումների հետ»:

Հիմա Թրա՞մփ, թե՞ Հարիս

Ստացվում է, որ Հարիսի իշխանության գալու դեպքում աջակցությունը Հայաստանին կշարունակվի, համաշխարհային անկայունության հետ մեկտեղ՝ դրանից բխող անկանխատեսելիությամբ եւ մեծ, եւ միջին տերությունների, թեկուզ հիբրիդային, կռվադաշտ դառնալու վտանգով:

Թրամփի վերադարձի դեպքում Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվել աշխարհում կայունության հնարավոր վերականգնումից, եթե, իհարկե, հայկական դիվանագիտությանը հաջողվի պահպանել անկեղծ եւ բարիդրացիական հարաբերություններ ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի հետ, մանավանդ վերջիններիս հարաբերությունների վատթարացման պարագայում:

Կարեւոր է նաեւ մարտունակ բանակի կառուցումը, որպեսզի այն հակազդի ադրբեջանական որեւէ ագրեսիայի, եթե Բաքուն մասնակից դառնա ԱՄՆ-ի հնարավոր հակաիրանական գործողություններին եւ դրա դիմաց կանաչ լույս ստանա որեւէ հակահայկական գործողություն սանձազերծելու համար։

Փրկիչ ման չգալ

Այնուամենայնիվ, թեկնածուներից եւ ոչ մեկին պետք չէ դիտարկել որպես Հայաստանի «փրկության» բանալի: Հայաստանի փրկությամբ կարող են զբաղվել միայն հայկական իշխանությունները, բայց դա այս հոդվածում քննարկվելիք թեմա չէ:

Ես խուսափում եմ որեւէ կարծիք արտահայտել հարյուր տոկոս համոզմամբ, բայց հետեւյալում վստահ եմ. Հայաստանը ո՛չ Հարիսի, ո՛չ Թրամփի համար առաջնահերթություն չէ:

Չմոռանանք, որ նախագահ Թրամփի օրոք տեղի ունեցավ ադրբեջանական 44-օրյա ագրեսիան Արցախի դեմ՝ իր բոլոր տարածքային եւ մարդկային կորուստներով հանդերձ, իսկ Բայդեն-Հարիսի կառավարման օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, դա այն դեպքում, երբ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Սենատում հայտարարել էր, որ Նահանգները «չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտում»:

Հայաստանի անելիքը

Հայկական իշխանությունների կողմից խելացի կլինի հետեւյալը՝ անկախ նրանից, թե ով կդառնա Օվալաձեւ աշխատասենյակի ղեկավար, բարեկամ ԱՄՆ-ի հետ պետք է վարել դինամիկ, բայց հավասարակշռված քաղաքականություն՝ սպասարկելով միայն հայկական շահը եւ մեր երկիրը չդարձնելով երրորդ պետության, օրինակ՝ Ռուսաստանի կամ Իրանի, դեմ գործողությունների իրագործման վայր:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930