ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»:
Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը:
Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից հետո պաշտոնական Երևանը ստիպված է եղել, հատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ և Բելգիայի իշխանություններին:
Այս մթնոլորտում, ուժի և դրա սպառնալիքի պայմաններում որևէ փաստաթուղթ` ինչ անվանում էլ ունենա, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկետ խաղաղություն և կայունություն բերել:
Կարդացեք նաև
Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար:
«Ա». Հիշեցնենք՝ Ադրբեջանի անվտանգության քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժերի կենտրոն, կարող է պարտադրել Հայաստանին խաղաղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ», հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը։
«Ադրբեջան» թերթում իր հոդվածում Ուսուբովը հայտարարել է, որ իր երկիրը «հաջողությամբ ձևավորել է պաշտպանության և հակազդեցության համակարգ, որը կարճ ժամանակում կարող է պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի»։
Ադրբեջանի ԱԽ քարտուղարն ընդգծել է «Հայաստանի համար անհրաժեշտությունը՝ ազատվել արտաքին ազդեցություններից, որոնք վնասում են երկրի շահերին»: