Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իմ երկրի շահերի համար կարեւոր լինի, սատանայի հետ էլ կգնամ բանակցելու. Կիմ Բալայան. «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2024 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունից։

Նրա հայրը` ՍԴ նախկին անդամ, նախկին պատգամավոր Կիմ Բալայանը, ընդդիմադիր հայացքներ ունի, չի հավատում Թուրքիայի հետ խաղաղությանը, 2020 թվականի պատերազմից հետո հացադուլ էր անում ՀՀ կառավարության շենքի մոտ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մենք կատարվածի առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք նրան:

– Ձեր որդին մասնակցել է Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Մենք էլ, ի վերջո, ունենք ազգային տոներ, որոնք թուրքերն արհամարհում են:

– Մանրամասներին տեղյակ չեմ, իմ տղային էլ չեմ հարցրել, բայց կան որոշակի պաշտոններ, որոնք պարտավոր են ենթարկվել այն արարողակարգերին, որոնք սահմանված են: Չեմ բացառում, որ Տիգրանին պարտավորեցրել են գնալ այդ միջոցառմանը, բայց այստեղ պատասխանատուն արդեն Թուրքիան է, քանի որ իր հրավիրած հյուրին իր փոքրիկ եղբայրը սպառնալիքներ է հնչեցնում: Բելգիայի իշխանությունները նույնպես պատասխանատու են:

– Բայց ինչպե՞ս են պարտավորեցրել` հայրենասեր մարդուն ո՞վ կարող է ինչ-որ բան պարտավորեցնել: Օրինակ, եթե Ձեզ նման բան պարտավորեցնեին, կանեի՞ք:

– Դե, բայց ես դեսպան չեմ, որ տիրապետեմ այդ ամենին, բայց եթե իմ երկրի շահերի համար կարեւոր լինի, սատանայի հետ էլ կգնամ բանակցելու: Նայած թե ինչ նպատակով ես գնում: Եթե գնում ես ասելու` «էս ի՞նչ եք անում, մինչեւ ո՞ւր եք գնալու», դա այլ հարց է, բայց եթե գնում ես նրանց ողջունելու, դա այլ է լրիվ:

– Իսկ տեղյա՞կ եք` ինչն է հունից հանել ադրբեջանցի դեսպանին, որ սպառնացել է սպանել:

– Դե, հրապարակային գործունեությունը որ վերցնենք, բավարար չէ՞: Ճիշտն ասած, ես էլ չեմ հարցրել, բայց ոնց որ թե բանաձեւեր են ընդունել Թուրքիայի դեմ…. Եթե մի երկիր գործում է ցեղասպանություն եւ իր կատարած հանցագործությունը չի ընդունում, այդ երկիրը ո՞նց կարող է ազնիվ լինել քո հանդեպ: Այլ հարց կլիներ, եթե ներողություն խնդրեին, այ, դրանից հետո գուցե հարաբերություններ սկսվեին: Մերոնք ամեն ինչ զիջելով` գնում են թուրքական լծի տակ: Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ցեղասպանության հարցն իրենց համար առաջնահերթություն չէ: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ եթե չլիներ 1915 թվականի ցեղասպանությունը, Արցախը չէր մնա Ադրբեջանի կազմում: Բայց քանի որ մեր ժողովուրդն ապրեց ցեղասպանություն, եղավ այդպես: Այսօր էլ ավարտին հասցրին իրենց գործը, թեպետ դա ոչինչ չի նշանակում, ուժի իրավունքն ավելի լավ է գործում, քան իրավունքի ուժը, սակայն արդարությունը գուցե հիվանդանում է, բայց չի մահանում: Արցախը նորից լինելու է հայկական:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930