Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավորական վաբշե չկա»

Նոյեմբեր 06,2024 10:00

Երբ որեւէ տեքստում հայտնվում է «մտավորական» բառը, դրա տակ գրեթե պարտադիր հայտնվում են մեկնաբանություններ մոտավորապես հետեւյալ բովանդակության’ «Հայաստանում մտավորական վաբշե չկա, բոլորը ծախված են եւ վախկոտ», «բոլոր մարդիկ, որոնք իրենց մտավորական են անվանում, իրականում սպասարկում են սրա կամ նրա շահերը»:

Այդ ծեծված, ստանդարտ, կարծրատիպային բանաձեւերը կրկնողները երկակի նպատակ են հետապնդում: Նախ՝ դրանք ինքնահաստատման ձեւ են եւ խորքում ունեն հետեւյալ ենթատեքստը՝ «բոլորը ծախված են, բացի ինձնից» կամ՝ «ես այնքան մաքուր եմ ու անաղարտ, որ իրավունք ունեմ պիտակ կպցնելու այս կամ այն խմբին»: Երկրորդ՝ դրանք, իհարկե, ուղղված են նրան, որ հասարակության մեջ որեւէ հեղինակություն չլինի, ինչը, վերջին հաշվով, ձեռնտու է իշխանությանը:

Նշանավոր լեզվաբան Յուրի Լոտմանը իր հայտնի դասախոսությունների շարքում մանրամասնորեն բացատրում է խնդրի իմաստը: Մասնավորապես, Լոտմանի կարծիքով, մտավորական լինելը կապ չունի նրա հետ, թե մարդը զբաղված է մտավո՞ր, թե՞ ֆիզիկական աշխատանքով, ինչպես նաեւ նրա հետ, թե որքան գիրք է նա կարդացել եւ որքան տեղեկություններ է հավաքել:

Իսկ ամենակարեւոր հատկանիշներից Լոտմանը նշում է այն, թե պատրա՞ստ է արդյոք մարդն իր հարմարավետությունը, ունեցվածքը, կյանքը զոհաբերել հանուն գաղափարի, հանուն սկզբունքի: Մեր՝ քրիստոնեական մշակույթում դա ունի իր հստակ ձեւակերպումը՝ «ուրացիր քո անձը եւ արի իմ հետեւից», ինչն, ի դեպ, ամենեւին չի նշանակում դառնալ վանական կամ ճգնավոր:

Որպես մեկ այլ կարեւոր հատկանիշ, Լոտմանը նշում է լայնախոհությունը: Պատահական չէ, որ ցանկացած հեղափոխություն (այդ թվում՝ «թավշյա») թիրախ է դարձնում մտավորականությանը, ազնվականությանը: Հեղափոխական իշխանության հարատեւության հիմնական պատվարն է «քառակուսիությունը», «սեւ-սպիտակը», ընդ որում՝ երկու կողմերից՝ թե՛ իրենց’ հեղափոխականների, թե՛ հակահեղափոխականների:

Անատոլ Ֆրանսն իր «Աստվածները տենչում են» վեպում այսպես է նկարագրում հեղափոխական տրիբունալի դատավորների մտածելակերպը. «Նրանց խորապես խորթ էր այն միտքը, որ կարելի է մտածել իրենցից տարբեր ձեւով, բայց չարագործ չլինել: Նրանք կարծում էին, որ տիրապետում են իրական իմաստությանը, բարձրագույն բարիքին եւ այդ պատճառով իրենց հակառակորդներին վերագրում էին մոլորություններն ու չարությունը»:

Դե, մերօրյա «հեղափոխական տրիբունալն» էլ «ֆեյքերի ֆաբրիկան» է: Ինչ-որ իմաստով դա խոսում է բարքերի ավելի հումանիստական լինելու մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Դե լավ էլի, չի կարելի ամեն բան այդքան պարզունակ ներկայացնել։
    Երբ ասում ենք չկա մտավորական,ես անձամբ նկատի ունեմ,որ չկա ինտելիգենտ։
    Intelligent.
    Այս բառը անգլերենում նշանակում է շատ խելացի և ընդունակ։ Ինտելիգենտ ըստ ինձ ոչ թե այն մարդն է որը անգիր է արել 2 պատմության դասագիրք և Թումանյանի հեքիաթները,այլ մարդ, որին մեկ անգամ է պետք բացատրել Էյնշտեյնի ” Հարաբերականության տեսությունը”:
    Մեր երկրում էլ են ծնվում ինտելիգենտներ,բայց քանի որ այստեղ իրենց պոտենցիալը չեն կարող օգտագործել,լքում են հայրենիքը,դաշտը թողնելով շլյապայով և հաստ ակնոցով շարլատաններին։

  2. Դավիթ says:

    Չեմ սիրում առանց հիմնավորմների ենթադրություններ։ Ես ինքս այն մարդկանցից եմ, ով հարցականի տակ է դնում մտավորականների լինելը, բայց դա պայմանավորված չէ Ձեր նշածների հետ։ Իմ համոզմամբ, եթե Հայաստանում լինեին իրական մտավորականներ, ապա 2018-ի դեպքերը չէին լինի։ Քանի՞ մտավորական է 2018-ին ասել, որ Փաշինյանին վարչապետ դարձնելը լավ միտք չէ, ու եթե այդպիսիք եղել են, ապա ինչու՞ չէիք լսում այդ մարդկանց։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930