Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ից ստացանք անհեթեթ մի պատասխան, որում նշված էր. «ծանոթացել ենք նամակի բովանդակությանը, ձեզ կպատասխանենք», անցել է արդեն 1 տարի եւ 2 ամիս

Նոյեմբեր 06,2024 12:00

Ինչպես բազում այլ երկրներում, Հայաստանում եւս գործում է «Մարդու իրավունքների պաշտպանի» գրասենյակ եւ ես որոշակիորեն հետեւում եմ նրա կատարած աշխատանքներին, որպեսզի տեղեկացված լինեմ, թե ինչպե՞ս է պաշտպանում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց խախտված իրավունքները: Տարիների ընթացքում իմ կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ կառույցը ոչ թե անկախ, այլ պետությանը կցված մի կառույց է, ընդամենը կցորդ, որը բացարձակապես որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի խախտված իրավունքի չի անդրադառնում, հետեւաբար, որեւէ խախտված իրավունքի վերաբերյալ մատը մատին չի խփում: Ինչպես ասացի, այն ընդամենը պետության շահերը պաշտպանող, պետության կցորդ է:

Որպեսզի ճիշտ պատկերացում կազմվի այդ կառույցի մասին, փորձեմ պատկերավոր մի օրինակ բերել: Բոլորն են տեղյակ, թե վերջին տասնյակ տարիներին ինչպես են իրավապահ մարմինները՝ հատկապես ոստիկանությունը, երկրում օրինականության պահպանման իր պարտականությունների կատարումից վերածվել զուտ պետության առաջին դեմքի պաշտպանության մեծաթիվ խմբակի եւ ոչնչի առջեւ կանգ չառնելով, բիրտ ուժերով մշտապես խախտում քաղաքացիների՝ ցուցարարների սահմանադրական իրավունքները եւ ահա այստեղ է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոչված է հենց նրան, որ պարտավոր է օպերատիվորեն՝ մանրակրկիտ ձեւով ներկայացնել մարդու՝ քաղաքացու իրավունքների բոլոր խախտումները եւ իր իրավասության շրջանակներում՝ հատիկ-հատիկ պաշտպանի նրանց խախտված իրավունքները … Իսկ հազարավոր այդ դեպքերի հետ կապված, մինչ այսօր ի՞նչ է արել կամ անում ՄԻՊ գրասենյակը: Բացարձակապես ոչինչ … Ընդամենը բարձրաձայնում է, որ ժողովրդական ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերը կամ համաչափ ուժ են կիրառել, կամ լավագույն դեպում հայտարարում է, ոստիկանությունը չնչին չափով՝ երբեմն գերազանցել է իր լիազորությունները … Սա է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի եւ այդ գրասենյակի արած գործը, որի մասին ողջ հասարակությունն է քաջատեղյակ, քանզի հասարակությունն ինքը՝ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից՝ լիարժեք ներկայացրած տեղեկատվությամբ արդեն լիովին տեղեկացված է լինում այդ իրադարձությունների վերաբերյալ: Կարող եմ հստակորեն հայտարարել, որ այդ տեղեկատվությունից ելնելով, ողջ հասարակությունն է համակարծիք իմ ներկայացրածի հետ: Հասարակությունը եւս ուշադիր հետեւում է ՄԻՊ գրասենյակի աշխատանքին եւ մեկին-մեկ կարող է հաստատել, որ բոլոր այս դեպքերի վերաբերյալ՝ բացի վերը նշված մոտեցումից, ՄԻՊ գրասենյակը բացարձակապես ոչինչ չի արել: Գոնե մեկ մարդու, մեկ խախտված իրավունքի վերաբերյալ մեկ բառ անգամ չի բարձրաձայնել, էլ ո՞ւր մնաց դրանց վերացման մասին խոսելը: Պարզ է, որ սա ընդամենը մի օրինակ էր ՄԻՊ գրասենյակի գործառույթների ահռելի դաշտից…

Ուզում եմ նաեւ մի երկու բառով ներկայացնել ՄԻՊ գրասենյակի հետ միակ առնչության մասին, որն անձամբ կատարվել է ինձ հետ, որը կփորձեմ ներկայացնել շատ հակիրճ: Ես 1980թ.-ից եղել եմ բնակարանային հերթում եւ 1992թ.-ին օրենքով սահմանված կարգով ստացել եմ 3 սենյականոց բնակարան՝ Երեւանի Նազարբեկյան թաղամաս, 20/1 շենքում, որն այն ժամանակ կիսակառույց էր՝ 3-րդ հարկ, թիվ 35 երեք սենյականոց բնակարան: ԽՍՀՄ-ի փլուզման պատճառով մինչեւ այժմ այդ կիսակառույց շենքը չի կառուցվել, ավելին՝ եղածն էլ քանդել, տարել են, որի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցված:

2023թ. սեպտեմբերի 1-ին նշված շենքի մի քանի բնակիչների անունից բողոք-նամակով դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին: Մեկ ամիսը չլրացած՝ ստացանք անհեթեթ մի պատասխան, որում նշված էր. ծանոթացել ենք նամակի բովանդակությանը, ձեզ կպատասխանենք:

Անցել է արդեն 1 տարի եւ 2 ամիս, այդպես էլ ոչ մի պատասխան չենք ստացել, այն դեպքում, երբ գործող օրենսդրության համաձայն, պարտավոր էին մեկ ամսվա ընթացքում պատասխանել: Եթե մի նամակի չեն կարողանում պատասխանել, ապա ուրիշ ինչի է ունակ ՄԻՊ գրասենյակը:

Իսկ առհասարակ, Հայաստանին արդյո՞ք պետք է նման ՄԻՊ գրասենյակ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930