Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի ստացվում անկեղծ երկխոսությունը

Նոյեմբեր 06,2024 13:00

Խլեստակովի խառնվածք ունեցող մարդիկ խճճվում եւ խորասուզվում են իրենց ստերի մեջ

1992 թվականի վերջն էր կամ գուցե 1993 թվականի սկիզբը: Պատերազմ էր՝ մարդկային եւ տարածքային կորուստները մեծ էին, սոցիալական, տնտեսական վիճակը՝ սարսափելի: Բայց մեր բանակը կռիվ էր տալիս, եւ դա շատերիս համար ամենակարեւորն էր:

ՀՀ նախագահի անվտանգության գծով գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանի աշխատասենյակում հավաքվել էին՝ բացի Մանուչարյանից, Հայաստանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի գծով պետնախարար Վազգեն Սարգսյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիր Այդին Մորիկյանը, «Երկիր» թերթի խմբագիր Աղվան Վարդանյանը: Հավանաբար, էլի կային գործընկերներ՝ վստահ չեմ կարող ասել: Ներկա էի նաեւ ես՝ որպես նախագահի մամուլի քարտուղար:

Վազգեն Սարգսյանն ամենայն մանրամասնություններով, առանց որեւէ բան «ծաղկացնելու», ներկայացնում էր իրավիճակը ռազմաճակատում, նաեւ այն, թե ինչպես են վարվում առանց հրամանի նահանջող զինծառայողների հետ, ինչպես նաեւ այն զինապարտների հետ, որոնք փորձում են խուսափել իրենց պարտքից: «Որպես խորապես անկուսակցական մարդ, ես ունեմ ձեր աջակցության կարիքը», – ասաց նախարարը:

Անկախ նրանից, թե ինչպես էի (ինչպես եմ) վերաբերվում այդ սենյակում հավաքված մարդկանց ու նրանց գործունեությանը, որքանով են ինձ մոտ նրանց հայացքները, կարող եմ արձանագրել երկու փաստ. 1/ նրանք ինքնաբավ էին, 2/ ներկաներից ոչ մեկը ոչ մի կասկած չուներ, որ այդ խոսակցությունը դուրս կգա Մանուչարյանի աշխատասենյակից:

Բնական զուգահեռ է առաջանում այսօրվա հետ: Գուցե ինձ մեղադրեն կարոտախտի մեջ, բայց ինձ թվում է, որ այսօր գործող «կերպարների» մեծ մասը ինքնաբավ չէ. նրանց՝ սեփական անձը կարեւորելու համար «հենակներ» են պետք՝ կարգավիճակի, հասարակական կարծիքի, սեփական խմբակի «շեֆի» դրվատանքի տեսքով: «Հենակներն» իրականում ավելի շատ են:

Իսկ քանի որ դա այդպես է, անկեղծ խոսակցություն չի ստացվում: Շատ բան. իհարկե, գալիս է առաջին դեմքից: Ո՞րն է այսօր անկեղծության բացակայության պատճառը: Շատերը կարծում են, որ Փաշինյանն ամեն վայրկյան ուզում է բոլորին խաբել: Կարծում եմ, որ դա այդպես չէ: Նա ինձ համար ավելի շատ Խլեստակովի կերպար է (չգիտեմ, թե իմ այսօրվա ընթերցողների որ մասն է ծանոթ Նիկոլայ Գոգոլի հայտնի պիեսին): Այսինքն՝ մարդն այնքան է խորասուզվում եւ խճճվում իր ստերի մեջ՝ պայմանավորված թյուրիմացաբար ստացած կարգավիճակով, այդքան հաճախ է կրկնում իրար հակասող ստերը, որ դրանք իրեն ճշմարտություն են թվում:

Մտքիս եկած առաջին օրինակը: Վստահ եմ, որ Փաշինյանը կարծում է, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի 4 բանաձեւերը ինքը միշտ մեկնաբանել է այնպես, ինչպես դրանք մեկնաբանում են ադրբեջանցիները: Մինչդեռ 2020 թվականի ամռանը BBC-ի «HARDtalk» հաղորդաշարին տված հարցազրույցում նա տվել էր ճիշտ հակառակ մեկնաբանությունը: Մի առիթով կվերծանեմ եւ կթարգմանեմ նրա ասածները, ասեմ միայն, որ այդ դրվագը սկսվում է վարչապետի այն արձանագրումից, որ հայերը 5000 տարի ապրում են արցախյան հողում: Բայց Խլեստակովի կերպարի առանձնահատկությունը հենց նրանում է, որ նման մարդիկ «չեն հիշում» այն, ինչն իրենց ձեռնտու չէ:

Գումարած, իհարկե, այն հանգամանքը, որ այդ խառնվածքի մարդկանց համար հազար անգամ ավելի կարեւոր է, թե ինչ են նրանց մասին մտածելու կամ ասելու, քան այն, թե ինչ են նրանք արել կամ ինչ են անելու: Եթե համեմատենք 1992-93 թվականների «առաջին դեմքի» հետ, ապա ես իմ կյանքում քիչ եմ հանդիպել մարդկանց, որոնք այդ աստիճանի անտարբեր լինեն «հասարակական» կարծիքի հանդեպ, քան Տեր-Պետրոսյանն էր: Գուցե քաղաքական գործչի համար դա այնքան էլ լավ չէ:

……32 տարի առաջվա այն հանդիպման մասնակիցների մի մասը, ցավոք, մեզ հետ չէ: Իսկ հանդիպման նախաձեռնող Աշոտ Մանուչարյանը հեռացել է հասարակական ասպարեզից: Լիովին հասկանում եմ նրան: Երբեմն ինձ էլ է թվում, որ խոսելն ու գրելն անիմաստ է: Բայց հիասթափության ժամանակահատվածներն ինձ մոտ համեմատաբար կարճ են տեւում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930