ԱՄՆ-ում մի շարք ընտրությունների օր է, այդ թվում՝ նախագահի։
Թրամփն իրեն «վստահ» է զգում
Նախագահության համար Հանրապետական կուսակցության թեկնածու, 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում կատարել է իր քաղաքացիական պարտքը։
Մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցում Սպիտակ տուն վերադառնալ ձգտող Թրամփը հայտարարել է՝ «Ես ինձ շատ վստահ եմ զգում»՝ պնդելով, որ կհաղթի։
Կարդացեք նաև
Հանրապետականը հայտնել է նաև, որ նախագահության համար իր երեք ընտրապայքարներից «լավագույնը» այս տարվանն էր։
Հարիսը երեկոն կանցկացնի ընտանիքի, ապա աջակիցների հետ
Թրամփի մրցակից, դեմոկրատ, գործող փոխնախագահ Քամալա Հարիսը իր ընտրությունը կատարել է վաղաժամ՝ քվեարկելով փոստի միջոցով։
The Big K Morning Show with Larry Richert ռադիոհաղորդաշարի եթերում Հարիսը տեղեկացրել է, որ երեկոյան ընտանեկան ընթրիքի է մասնակցելու։
Հարիսը նաև հայտնել է, որ ընտրության արդյունքների հրապարակմանը աջակիցների հետ միասին հետևելու է իր ալմա մատեր «Հաուըրդ» համալսարանից։
Այլ մանրամասներ
76 օրից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լիազորությունների ժամկետը կավարտվի: Հունվարի 20-ին երդմամբ Նահանգների առաջնորդությունը կանցնի Դոնալդ Թրամփին կամ Քամալա Հարիսին:
Նախագահից բացի, Միացյալ Նահանգների քաղաքացիներն այսօր ընտրում են նաև նոր Ներկայացուցիչների տուն և Սենատի անդամների ⅓-ին: Անց են կացվում նաև նահանգային և տեղեկան հազարավոր ընտրություններ, նահանգային և տեղական հանրաքվեներ։
Նախագահի ընտրության արդյունքները պարզ կդառնան ամենաշուտը չորեքշաբթի։
Նախորդ՝ 2020-ի ընտրությանը, սակայն, Բայդենի հաղթանակը ակնհայտ դարձավ ընտրության օրվանից 4 օր անց միայն: 2000 թվականի ընտրության արդյունքները և Ջորջ Բուշի հաղթանակը հայտնի դարձան դեկտեմբերի 12-ին, երբ ընտրությունն անցկացվել էր նոյեմբերի 7-ին:
ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ կազմակերպում է ընտրությունն ըստ իր օրենքների: Սա նշանակում է, որ քաղաքացիների ձայների հաշվարկներով նույնպես առանձին նահանգներն են զբաղվում: Սա, ինչպես նաև փոստային քվեարկությունները, կարող են երբեմն ձգձգել քաղաքացիների ձայների հաշվարկը և արդյունքների հրապարակումը:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ