Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչությունը դաժան իրականությունից կտրվելու իմ աշխարհի մի հատվածն է. Դավիթ Սահակյանց

Նոյեմբեր 05,2024 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, կինոռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր Դավիթ Սահակյանցի նկարների ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 15-ը: «Երեք տուն», «Լավայով շրջապատված հոգիները վաճառողները», «Ուսուցիչների այգին արեւի խավարման ժամանակ», «Լռության միջով պատասխանը գալիս է քեզ», «Անցյալը ապագայում, ապագան անցյալում, երրորդ ռանչպարը» եւ այլ վերնագրերով աշխատանքները ստեղծվել են վերջին տարիներին:

Թե ինչ կոդեր են դրանք եւ ինչ ուղերձ է ուզում փոխանցել իր ստեղծագործություններով, Դավիթ Սահակյանցն Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց.

«Երբեք չեմ սիրել մեկնաբանել իմ նկարները, միշտ թողել եմ ուրիշի դատին: Ի դեպ, իմ ոչ մի նկար էսքիզ չի ունեցել, ամբողջն իմպրովիզացիա է եղել, առաջին գիծն ինչպես գնացել է, այդպես էլ տարել է, ու հասել եմ մինչեւ վերջնական հանգրվան՝ թե թեմայի, թե վերնագրերի առումով: Նկարչությունը միշտ եղել է իրականությունից կտրվելու միջոց: Հիմա դաժան իրականության մեջ ենք ապրում, իսկ նկարչությունն իմ աշխարհի մի հատվածն է, որտեղ ինձ կոմֆորտ եմ զգում եւ կարողանում եմ մտորել»:

Հարցին՝ հե՞շտ է նման հոգեվիճակով ստեղծագործելը, նա այսպես արձագանքեց. «Բնականաբար հեշտ չէ, բայց եթե ամեն ինչը թողնենք արտաքին աշխարհին եւ օրվա մեջ գոնե մեկ անգամ ինքներս մեզ հետ չշփվենք, ավելի շուտ կկործանվենք, դրա համար պետք է ժամանակ գտնել ներքին երկխոսության համար»:

Դավիթ Սահակյանցը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ հունվար ամսից էր ցուցահանդեսի գաղափարը ծագել, եւ ուրախ է, որ այն իրականացնում է Ժամանակակից արվեստի թանգարանում: «Եվ այս թանգարանը, եւ Հենրիկ Իգիթյանի անունը շատ մեծ դեր են խաղացել իմ կյանքում: Ես անձամբ շնորհակալ եմ Իգիթյանին, որ թողել է այս ժառանգությունը»,-ասաց նա; Հավելեց, որ ընտանիքին է հորդորել անպայման ցուցահանդեսով ներկայանալ:

Նշենք, որ Դավիթ Սահակյանցը ճանաչված մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին է, 1992 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում` Հայաստանի ազգային կինոկենտրոնում որպես նկարիչ-անիմատոր: 2008թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2010-ին Հայկ եւ Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան, որի ղեկավարն է:

Որպես ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանցը հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հոթ հոթ դոգ» (2002թ.), «Ուղիղ եթեր» (2002թ.), «Այդ օրը» (2002թ.), «Խաղ» (2003թ.), «Կանխագուշակում» (2003թ.), «4 երգ» (2007թ.), «Սովորական մուլտեր» (2007թ.), «Երաժշտական այբբենարան» (2007թ.), «Երգող թվեր» (2008թ.), «Հայրեններ» (2009թ.), «Մհերի խնդրանքը» (2011թ.) եւ այլն:

Դավիթ Սահակյանցը հեղինակ է ավելի քան 30 անիմացիոն ֆիլմերի, տեսահոլովակների և ուսումնական ֆիլմերի: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930