«Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը սահմանի ամբողջ պարագծով ավարտվի»,- լրագրողների փաստմանը՝ կանոնակարգերի փոխանցում է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև և հարցին՝ ճիշտ չի՞ լինի, որ սահմանազատման նոր փուլը հենց Սյունիքից սկսվի, որտեղ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետը նշեց՝ սահմանազատման հարցերով աշխատանքային խմբում ներգրավված չէ, ուստի տեղեկացված է այնքան, որքան լրագրողները․ «Կարևոր է, որ սահմանի ամբողջ երկայնքով լինի սահմանազատում և այնտեղ, որտեղ առաջ են եկել մեր տարածք, հետ պիտի գնան։ Կարևոր է, որ սահմանն ի վերջո սահմանագծվի։ Տևական ժամանակ է՝ որևէ բան չկա սահմանի ողջ երկայնքով։ Մտահոգությունները վաղուց գիտենք, նոր բան գոյություն չունի։ Սահմանի հետ կապված որևէ նոր իրականություն չկա»։
Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի Սյունիքի համայնքապետերի հետ, նա պատասխանեց․ «Նշանակմանս օրվանից ջերմ աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել բոլոր համայնքների ղեկավարների հետ։ Մինչ օրս ունենք ջերմ աշխատանքային հարաբերություններ։ Իրականում Սյունիքում ներդրումներն աննախադեպ են։ Անհրաժեշտ է միասնական աշխատանք։ Անձնական հարաբերությունները փչացնելու կամ մեկ այլ պատճառով տուժելու է ողջ մարզը»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ ռուս սահմանապահները դուրս են գալու միայն Մեղրու անցակետից, ոչ թե սահմանի ողջ երկայնքից, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Այսինքն՝ Մեղրու անցակետում հայկական կողմն է իրականացնելու ծառայությունը՝ մեր սահմանապահ զորքերը, իսկ մնացած հատվածներում իրականացվելու է համատեղ ծառայություն։ Դա լինելու է 2025-ին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ