«Պետք է ընդգծել, որ իրավական գործընթացը չպետք է խառնել քաղաքական գործընթացին»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պատասխանելով Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին։
Նրա կարծիքով՝ ձերբակալության և տնային կալանքի ու մյուս հարցերը իրավապահ համակարգի տիրույթում են, իսկ մյուս կողմից քաղաքական գործընթաց է, որ իրենք ընդհանրապես ցանկացել են քաղաքականությունից դուրս գալ, այդ պատճառով էլ վայր են դրել մանդատները։
Լրագրողների դիտարկմանը՝ չեք կարծո՞ւմ, որ դա ավագանու անդամներն արել են ճնշումների ներքո, այն բանից հետո, երբ եղան ձերբակալություններ, մարզպետը պատասխանեց․ «Համընկնում է ժամանակահատվածի հետ, բայց որպես մարզպետ՝ վստահաբար ասում եմ, որ իրավական գործընթացը՝ ձերբակալությունները, չպետք է խառնել քաղաքական գործընթացի հետ»։
Լրագրողների դիտարկումներին, թե Գյումրին այս պահին մնացել է առանց կառավարման, Մուշեղ Մուրադյանն արձագանքեց․ «Իսկապես այս պահին Գյումրին չունի համայնքապետ, բայց այնպես չէ, որ քաղաքն անկառավարելի է»։ Լրագրողների փաստմանը՝ բոլոր վարչության պետերը հրաժարական են տվել, մարզպետն արձագանքեց․ «Բոլորը հրաժարական չեն տվել։ Աշխատակազմի ղեկավարը տեղում է, աշխատանքները հնարավորինս իրականացվում են։ Բնական է՝ առանց համայնքապետի է Գյումրին, բայց այս պահի դրությամբ որևէ արտառոց խնդիր չկա»։
Կարդացեք նաև
Մարզպետն ասաց, որ նոր ընտրությունների հարցը կորոշվի ՏԻՄ օրենքով սահմանված կարգով, հերթականությամբ․ «Ավագանին հիմա պետք է արդեն նիստ հրավիրի, ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու կամ պիտի առաջադրվի, կամ՝ ոչ, նիստ լինի, կամ՝ ոչ, որ սրանից բխող հետագա իրավական գործընթացներն իրականացվեն։ Եթե համայնքը չունի ղեկավար, և չընտրվի ավագանու նիստով նոր ղեկավար, բնականաբար, օրենքով պետք է առաջ գնանք»։
Լրագրողների դիտարկմանը՝ Գյումրիում ՔՊ-ն վերադասավորումներ է իրականացնում, և ըստ տեղեկությունների՝ Դուք դուրս եք մնալու, Մուշեղ Մուրադյանն այսպես արձագանքեց․ «Նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Վերադասավորումների մասին խոսակցություն ընդհանրապես գոյություն չունի։ Ես Շիրակի մարզպետն եմ, իրականացնում եմ իմ լիազորությունները»։
Անդրադառնալով ՔՊ-ի՝ Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սարուխանյանին, լրագրողները նկատեցին, որ նա Գյումրիում բարձր վարկանիշ չունի, մարզպետը հակադարձեց․ «ՔՊ-ի թեկնածուն Շիրակի մարզից է՝ գյումրեցի, մարզպետ է աշխատել, այս պահին էլ ԱԺ պատգամավոր է, այս խոսակցությունները չգիտեմ՝ որտեղից ու ինչպես են տարածվում։ Թեկնածուին Գյումրիում հարգում ու սիրում են, նաև թիմում»։
Հարցին՝ Գյումրիում իշխանազավթում չի՞ իրականացվել, մարզպետն այսպես պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում իշխանազավթում։ Համայնքային իշխանությունը մանդատները վայր է դնում, այստեղ ի՞նչ իշխանազավթում։ Ցանկանում են քաղաքականությունից, համայնքային կառավարումից դուրս գալ, այս պահին այլ խոսակցություններ ոչ շրջանառվում են, ոչ էլ առկա են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ