Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցվածները խորհրդարանական երեք ուժերին էլ անբավարար գնահատական են տվել

Նոյեմբեր 05,2024 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրեց արդի հիմնախնդիրների եւ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հեռախոսային հարցման արդյունքները, որն իրականացվել է հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության 1100 բնակիչների շրջանում:

Հանրությանն ուղղված 11 հարցերի ամփոփումը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կամ դեմ է կամ համաձայն չէ կամ էլ չի հավատում իշխանության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը:

Մասնավորապես, հարցվածների 23,4 %-ը ավելի շուտ չի հավատում, իսկ 41,2 %-ը միանշանակ չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչեւ տարեվերջ:

Հայաստանը պե՞տք է գնա զիջումների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար հարցին 90%-ը բացասական է պատասխանել՝ նշելով, որ մենք այլեւս ոչինչ չունենք զիջելու:

Հանրության 51,5%-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող է համարում, իսկ 21,3 %-ը այդ մոտեցումը համարում է ավելի շուտ բացասական:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 40,1 %-ը համարում է, որ Արցախի հայաթափումից մեկ տարի անց Հայաստանի կառավարությունը եւ միջազգային կազմակերպությունները արցախցիների վիճակը բարելավելու եւ նրանց վերադարձն Արցախ ապահովելու համար պետք է դիվանագիտական ճնշում եւ միջազգային հանրության հետ համագործակցություն իրականացնեն:

Հետաքրքիր արդյունք է արձանագրվել, թե հանրության կարծիքով ո՞րն է ՀՀ ներկայիս ամենակարեւոր հիմնախնդիրը: 76,2 %-ի համոզմամբ ամենակարեւորը անվտանգությունն ու սահմանային հարցերն են, 19,4 %-ը՝ քաղաքական կայունությունը, 16,4 %-ը՝ տնտեսական զարգացման խնդիրները, 9,6 %-ը՝ աշխատանքային եւ սոցիալական խնդիրները, 1,9 %-ը՝ այլ եւ 1,2 %-ը դժվարացել է պատասխանել:

Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ մինչեւ 2018-2019 թվականները անվտանգային եւ սահմանային հարցերի վերաբերյալ խնդիրները նշվում էին 6-րդ կամ 7-րդ տեղում:

Հաջորդ հարցը վերաբերել է կառավարությունում քննարկվող էներգետիկ ոլորտի երկու տարբերակներին. վերազինե՞լ առկա ատոմակայանը մինչեւ 2036 թվականը, թե՞ փակել այն եւ փոխարենը կառուցել մեկից ավելի ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ: 63,7 %-ը կողմ է արտահայտվել առաջին տարբերակին:

Քաղաքացիների 39 %-ը ՀՀ նախագահի գործունեությունը գնահատել է ընդհանրապես բացասական, 16, 3 %-ը՝ ավելի շուտ բացասական, Ազգային ժողովի աշխատանքը՝ 43 %-ը՝ ընդհանրապես բացասական, 23,5 %-ը ավելի շուտ բացասական, կառավարության աշխատանքը՝ 35,4 %-ը ընդհանրապես բացասական եւ 20,9 %-ը՝ ավելի շուտ բացասական:

Հարցվածները 1-ից 5 բալային սանդղակով «Քաղաքացիական պայմանագրին» տվել են 2,3, «Հայաստան» խմբակցությանը՝ 2,0, »Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ 1,9 գնահատական: Այսինքն, խորհրդարանական երեք ուժերին էլ անբավարար գնահատական են տվել:

Եվ վերջում՝ հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանի աշխատանքը 16,1 %-ը գնահատել է ավելի շուտ բացասական, իսկ 41,5 %-ը՝ ընդհանրապես բացասական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930