Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր օրինագծով ի սկզբանե բացառվում է կոնսերվատորիայի գոյությունը». Կոնսերվատորիայի ներկայացուցիչ

Նոյեմբեր 05,2024 15:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սեպտեմբերի 16-ին ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ենթակա են լիցենզավորման։ Իսկ լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների թվի սահմանային շեմը, որը չի կարող պակաս լինել 4000-ից: Իսկ ի՞նչ է լինելու այն բուհերի հետ, որոնք չեն կարող հաղթահարել այս շեմը։

Գոհար Նշանյան

Թեմայի վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչ Գոհար Նշանյանն ասաց, որ նշյալ պահանջը կոնսերվատորիայի համար ամենամեծ մարտահրավերն է. «Որովհետեւ եթե չի ապահովում 4000-ի շեմը, ապա այն չի լիցենզավորվում: Եթե մենք գնում ենք դեպի որակի բարձրացում այս օրենքով, չեմ կարծում, թե թվաքանակով պետք է պայմանավորված լինի կրթության որակը՝ հատկապես արվեստի ճյուղերի բնագավառում: Գիտենք, որ միշտ էլ արվեստի ճյուղերի գծով բուհական կրթությամբ զբաղվել են ոչ բոլորը»:

Նա կարծում է, որ ցանկացած իրավական ակտում եւ օրենքի նախագծում լինում են բացառություններ. «Եթե գնում են դեպի բուհերի խոշորացում, կարող էին բացառություններ անել՝ հատկապես արվեստի բուհերի համար, ինչու չէ նաեւ սպորտի բնագավառի, որովհետեւ այդ կերպ չեն սահմանափակի նրանց լինելու իրավունքը»:

Գոհար Նշանյանն ընդգծեց, որ ավելի մեծ խնդիր էլ է տեսնում, ըստ որի` ի սկզբանե բացառվում է կոնսերվատորիայի գոյությունը. «Գործող օրենսդրության մեջ կա կոնսերվատորիա հասկացությունը, մինչդեռ ներկայիս նախագծում կա համալսարանական կրթական ծրագրեր հասկացությունը, եւ բացակայում է կոնսերվատորիա բառը»: Նա ասաց, որ բուհն արդեն իր պաշտոնական տեսակետը ներկայացրել է պատկան մարմիններին:

Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ մի կարեւոր ճշտում է ցանկանում անել եւ խոսքն այն մասին չէ, որ բուհը պետք է ունենա 4000 ուսանող. «Խոսքը տեղերի շեմի մասին է, այսինքն` բուհը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում իրականացնել 4000 ուսանողի կրթություն: Դա շեմն է, ոչ թե ուսանողների թիմը… Ակնհայտ է, որ Հայաստանը գնում է բուհերի խոշորացման, եւ ոչ միայն բուհերի, այլ ընդհանուր գիտակրթական համակարգի խոշորացման ճանապարհով, այսինքն` Հայաստանը չի ցանկանում ունենալ փոքր բուհեր»:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այս քայլով փորձ է արվում փակել հատկապես փոքր մասնավոր համալսարանները կամ նրանց տանել միավորման, բայց այդ կերպ խնդիր է առաջանում նաեւ մարզային պետական բուհերի հետ կապված:

Կրթության փորձագետը փաստում է, որ մարզային պետական բուհեր կան Գավառում, Գյումրիում, Վանաձորում, Սյունիքում, եւ նրանք եւս խնդրի առաջ են կանգնելու եւ չեն կարողանալու գոնե 2000 ուսանող ունենալ. «Պետք է, որ ընդունենք, որ ԿԳՄՍ նախարարության այս քաղաքականությունը ենթադրում է բուհերի խոշորացում: Ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը փոքր պետություն է, եւ մենք կարող ենք ունենալ նաեւ փոքր բուհեր: Բուհն էլ պետք է գնահատվի իր մատուցած կրթական ծառայությունների որակով: Մարդիկ կարող են մասնավոր համակարգում ստեղծել բուհ՝ նեղ մասնագիտացած, որտեղ հնարավոր չլինի 2000 ուսանող ապահովել: Ստացվում է, ըստ էության, մենք զրկում ենք նրանց գործելու հնարավորությունից, եւ ասում ենք՝ գնացեք ինչ-որ մի համալսարանում ֆակուլտետ բացեք…»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930