Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ. պետական բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով

Նոյեմբեր 05,2024 14:22

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինն «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» (երկրորդ փուլ), որի գումարը կազմում է 4,5 եվրո եւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» 9,3 մլն եվրո գումարով: Ներկայում քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ եւ հնարավոր է 2025 թվականին ստանալ նաեւ 25 մլն եվրո բյուջետային աջակցություն: Նախարարը տեղեկացրել է, որ եվրոպական կառույցների հետ իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում նախատեսված են 18,5 մլրդ դրամի չափով: Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարզաբանումներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածին վերաբերող ծրագրի իրականացման, մի շարք կառույցներից, բանկերից ու ծրագրերից նախատեսվող հատկացումների վերաբերյալ: «Վերջին տարիներին կտրուկ մեծացել է միջազգային համագործակցության ընդհանուր պորտֆելը, եւ աշխատանքներ պետք է իրականացվեն կարողությունների, ներուժի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր: Նրա խոսքով արդեն սկսվել են բանակցությունները ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ, շարունակվում է առաջնային՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր: Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ զեկուցողը տեղեկացրել է, որ «Դիմակայություն եւ աջ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական ոլորտում մասնագետների վերապատրաստմանը, ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների գործունեության ակտիվացմանը:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որոշակի տեղեկատվություն է ներկայացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մարմինների եւ նրանց աշխատանքների վերաբերյալ: Համաձայնագրի մաս 6-րդը վերաբերում է առեւտրին առնչվող հարցերին: Այս խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվել է Հայաստան-ԵՄ առեւտրի հարցերով գործընկերության կոմիտե, որը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը: Կոմիտեի ներքո գործում են երեք թեմատիկ՝ աշխարհագրական նշումների, տնտեսական համագործակցության եւ այլ հարակից ոլորտների ու մաքսային հարցերով ենթակոմիտեներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930