76 օրից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լիազորությունների ժամկետը կավարտվի: Հունվարի 20-ին երդմամբ Նահանգների առաջնորդությունը կանցնի Դոնալդ Թրամփին կամ Քամալա Հարիսին:
Նոյեմբերի 3-ի դրությամբ, ավելի քան 75 միլիոն ամերիկացի արդեն կատարել է իր ընտրությունը՝ մասնակցելով վաղաժամ քվեարկությանը։
Նախագահից բացի, Միացյալ Նահանգների քաղաքացիներն այսօր ընտրում են նաև նոր Ներկայացուցիչների տուն և Սենատի անդամների ⅓-ին:
Ի տարբերություն ներկայացուցիչների և սենատորների` նախագահն ընտրվում է անուղղակի քվեարկությամբ՝ ընտրիչների քոլեջի միջոցով:
Կարդացեք նաև
Տվյալ նահանգում հաղթած թեկնածուի օգտին են անցնում այդ նահանգի ընտրիչների բոլոր ձայները: 50 նահանգից և մայրաքաղաք Վաշինգտոնից ընդհանուր կա 538 ընտրիչի ձայն։ Մեծամասնության՝ առնվազն 270 ընտրիչի ձայն ստացած թեկնածուն ընտրվում է Սպիտակ տան առաջնորդ։ Ստացվում է, որ նախագահին ընտրում են ոչ թե քաղաքացիներն, այլ նահանգները: Ավելի շատ քաղաքացիների ձայներ հավաքած թեկնածուն կարող է չընտրվել նախագահ, եթե հակառակորդ թեկնածուն ավելի շատ նահանգներում է հաղթանակ արձանագրել։
Ե՞րբ կիմանանք հաղթողի անունը
Նախագահի ընտրության արդյունքները պարզ կդառնան ամենաշուտը չորեքշաբթի։
Նախորդ՝ 2020-ի ընտրությանը, սակայն, Բայդենի հաղթանակը ակնհայտ դարձավ ընտրության օրվանից 4 օր անց միայն: 2000 թվականի ընտրության արդյունքները և Ջորջ Բուշի հաղթանակը հայտնի դարձան դեկտեմբերի 12-ին, երբ ընտրությունն անցկացվել էր նոյեմբերի 7-ին:
ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ կազմակերպում է ընտրությունն ըստ իր օրենքների: Սա նշանակում է, որ քաղաքացիների ձայների հաշվարկներով նույնպես առանձին նահանգներն են զբաղվում: Սա, ինչպես նաև փոստային քվեարկությունները, կարող են երբեմն ձգձգել քաղաքացիների ձայների հաշվարկը և արդյունքների հրապարակումը:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ