Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի բուհերի հոբելյանների մեջ այս միջոցառումը եզակի կարող է համարվել իր տեսակով

Նոյեմբեր 05,2024 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լոռու միակ մշակութային բուհը` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը նշեց հիմնադրման 20-ամյակը Հովhաննես Աբելյանի անվան պետթատրոնում:

Քիչ բուհերում կարող են այդքան մանրակրկիտ ու հոգատար պատրաստվել, որքան Վանաձորի մասնաճյուղում: Հոբելյանական միջոցառման ընթացքում բուհի երբեմնի շրջանավարտներ, Վանաձորի պետթատրոնի արդեն երիտասարդ սերնդի դերասաններ Մարիամ Ղևոնդյանն ու Արման Սաքանյանը կատակով հարցրին, թե տնօրեն Էլֆիք Զոհրաբյանին ո՞ր մուսաներն են այցելել, քանի որ մի քանի օր նա լուսադեմին է քնել և արթնացել շատ վաղ: «Կազմակերպչական մուսաները», – հնչեց տնօրենի պատասխանը, ապա հավելեց նաև այն նվիրյալ դասախոսների անունները, որոնք ևս բառի բուն իմաստով գիշերներ են անցկացրել կազմակերպչական աշխատանքների համար:

Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, նախկին և ներկա ուսանողներ, մտավորականներ, հյուրեր Երևանից և այլն։

Թատրոնի ճեմասրահից սկսվում էին հետաքրքիր, թատերականացված տեսարաններ. միմեր, պանտոմիմ, իսկ ճեմասրահի մյուս հատվածում նվագում էր Վանաձորի լարային քառյակը: Թատերական տոնին նպատակ կար ներկայացնել բուհի անցյալը և ներկան: Եթե անցյալի մասին որակապես քիչ արխիվային նյութեր կային և հեշտությամբ չէին գտնվել, ապա ներկայի մասին տեսանյութերի առատությունը ստիպել էր կազմակերպիչներին երկար ժամանակ անցկացնել՝ ընտրելու կարևորագույնը: Ցուցադրվեցին նաև շնորհավորական տեսաուղերձներ շրջանավարտների ու հայտնի դեմքերի կողմից:

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է Սոս Սարգսյանի աջակցությամբ ու նախաձեռնությամբ, մեծ դեր է խաղացել նաև Լոռու նախկին մարզպետներից Հենրիկ Քոչինյանը և, իհարկե, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, որը բուհը ղեկավարեց տասը տարի: Վերջինիս հաջորդեց դերասանուհի, ռեժիսոր Սոֆիա Սողոմոնյանը՝ մոտ վեց տարի:

Ֆինանսատնտեսական մեծ խնդիրների, շենքի վերանորոգման ընթացքում նոր տնօրեն ընտրվեց բանասիրական գիտությունների թեկնածու, Մովսես Խորենացու մեդալակիր Էլֆիք Զոհրաբյանը, որի օրոք բուհը նոր փուլ մտավ, նկատելիորեն ծաղկում ապրեց, մասնավորապես կրթական որակի առումով: Նրա նախաձեռնությամբ՝ մասնաճյուղը ձեռք բերեց նոր գույք, անհրաժեշտ բեմիրեր և նրա հետևողական պահանջով տեղադրվեցին ցնցուղներ, որոնք անգամ նախատեսված չէին՝ ըստ վերջնական նախագծի: Վարպետության դասերի թիվը անհամեմատելի աճեց, դասախոսները վերապատրաստվեցին, կամընտրական առարկաների ընտրությունը հանձնարարվեց բացառապես ուսանողներին, տարբեր փառատոներում առաջին հորիզոնականներ զբաղեցրին ուսանողները՝ անգամ արժանանալով միջազգային մրցանակների:  Այժմ Երևանից Վանաձոր են ժամանում ավելի քան 10-ը դասախոս, կա կրթության որակի ակնհայտ աճ, ինչին մեծ կարևորություն է տալիս ներկայիս տնօրենը: Վերջին 4 տարիներին բուհում սկզբունքային դարձավ նորարարսկանությունը, որի համար խրախուսվում են դասախոսները և ուսանողները:

Բուհը իր պատմության մեջ առաջին անգամ նշեց հոբելյանը, որն ուներ իր ներքին «մեսիջը», ինչպես նշում էր մասնաճյուղի ղեկավարը: Նա շնորհակալական խոսք ասաց իր նախորդների մասին, ինչպես նաև նրանց ներկայացրել էր պարգևատրման: Մասնաճյուղի բոլոր աշխատակիցները, անկախ ստաժից ու վաստակից, ներկայացվել էին պարգևատրման ու խրախուսանքի՝ ըստ որոշակի չափորոշիչների, իսկ ՀՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանն արժանացավ Պատվո մեդալի բուհի կայացման գործում իր նշանակալի ներդրման համար: Դա ևս Է. Զոհրաբյանի նախաձեռնություններից էր: «Պրոֆեսիոնալ աշխատանքը պետք է գնահատվի և ժամանակին», – նշեց բուհի ղեկավարը:

Մասնաճյուղի թատերականցիներին ընդունեց նաև Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ արժանացնելով խրախուսանքի:

Մասնաճյուղի շրջանավարտներն ու բարձր կուրսերի ուսանողները աշխատում են քաղաքի առաջատար ստեղծագործական օջախներում՝ Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի անսամբլում և կամերային երգչախմբում, «Բոհեմ» կամերային թատրոնում, տիկնիկային թատրոնում և, իհարկե, տեղական, հանրապետական հեռուստա և ռադիո ընկերություններում, Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի, Լոռվա գյուղական տարբեր համայնքների մշակութային օջախներում, կրթական հաստատություններում, նկարահանվում են ֆիլմերում ու սերիալներում, զբաղեցնում պաշտոններ: Բուհը համագործակցում է բազմաթիվ մշակութային օջախների հետ:

Վանաձորի բուհերի հոբելյանների մեջ այս միջոցառումը եզակի կարող է համարվել իր տեսակով, օրինակ՝ կազմակերպիչները մտածել էին հանդիսատեսին չձանձրացնելու նպատակով պարգևատրումները մի քանի վայրկյանի մեջ ցուցադրել էկրանի վրա, քան մոտ 30 դասախոսի ու աշխատակցի բեմ հրավիրել անհատապես:

Բեմում տպավորիչ համարներով հանդես եկան հատկապես «Պարարվեստ» բաժնի ներկայիս ու երբեմնի շրջանավարտները՝ ներկայացնելով համաշխարհային դասականների գործերը՝ նոր մոտեցումներով:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Հայկ Կոստանդյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930