«Չկա նման բան։ Մեկ շաբաթից ավելի է՝ ձեզանից եմ դա լսում։ Ձեր ձեւակերպումների հետ էլ համաձայն չեմ, քանի որ որեւէ «գզվռտոց» ու նմանատիպ վարքագծի դրսեւորումներ չկան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով լրագրողների՝ ՔՊ-ում ներքին խմորումներին վերաբերող տարբեր հարցերին։
Լրագրողներից մեկը նկատեց՝ խոսակցություններ կան, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության հեղինակը Սիսակ Գաբրիելյանն է։ Վերջինս պատասխանեց․ «Ես արդեն հստակ ասացի՝ չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար։ Ես որքանով տեղեկացված եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ լսումների մասով կա կարգապահական վարույթ։ Միայն այդքանը գիտեմ»,-նշեց նա։
Ճշտող հարցին՝ ինքը դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ։ Ես դժգոհություն չունեմ ՔՊ-ական որեւէ պատգամավորից, քանի որ դժգոհ լինել ՔՊ-ական պատգամավորից՝ կնշանակի դժգոհ լինել ինքդ քեզնից, ի՞նչ տարբերություն»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային