Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ դեպի լուսանկարչություն․ պատկերներ, որոնք ասելիք ունեն

Նոյեմբեր 05,2024 12:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ցուցադրվող լուսանկարները ուսանողների պատկերային մտածողության արդյունքներն են։ Ցուցադրվում են աշխատանքներ, որոնք ունեն գեղարվեստական արժեքներ, ստեղծված են մտածված՝ ունենալով ասելիք, իմաստ և բովանդակություն։ Վստահորեն կարող եմ ասել, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակներից յուրաքանչյուրն օժտված է գեղարվեստական մտածողությամբ, չէ՞ որ դա է ապահովում անհատի ստեղծագործական ուղու դինամիկան»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանում եվրոպական քոլեջի և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս Վահե Իսրայելյանը։

Նոյեմբերի 4-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Ճանապարհի դեպի լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հայաստանում եվրոպական քոլեջի դիզայնի բաժնի և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանողները՝ դասախոս Վահե Իսրայելյանի օգնությամբ։ Ուսանողները լուսանկարչության միջոցով ներկայացրեցին դեպի արվեստ տանող գեղագիտական ճանապարհը։

Վահե Իսրայելյանի խոսքով՝ դասախոսները չեն սահմանափակվում միայն լուսանկարչության ուսումնասիրությամբ, քանի որ համոզված են՝ գեղեցիկ տեսնող աչքի զարգացումն ուղիղ համեմատական է գեղագիտության ողջ համակարգի ուսումնասիրությանը, իսկ այն մոտեցնում է արվեստի փիլիսոփայությանը, որն էլ արվեստի ճանապարհին կանգնած ուսանողին օգնում է ճանաչել աշխարհը: «Թույլ է տալիս ձևավորել հոգևոր նկարագիրը, զգացմունքները և մտքերը, ընդլայնում մտահորիզոնը և արթնացնում ստեղծագործական ընդունակությունները»,-հավելեց նա։

Տաթեւիկ Համբարձումյանի լուսանկարը՝ «Նարեկացի» արվեստի միության ֆեսբուքյան էջից

Ելույթով ներկայացավ արվեստաբան, «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը։ Նա կիսվեց մի քանի խորհուրդներով, որոնք կարևոր են ապագա լուսանկարիչների համար։ Ըստ նրա՝ եթե լուսանկարիչը ցանկանում է հաջողել այս ոլորտում, ապա որակյալ պատկերներից (կադրերից) զատ՝ լուսանկարը պետք է լինի նաև հետաքրքիր: «Կարևոր է տեսնել ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև այն «համեմել» բովանդակությամբ, իսկ դրա համար պետք է աշխատել բովանդակության վրա»,-ընդգծեց նա։

Իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում եվրոպական քոլեջի դիզայնի ամբիոնի վարիչ Դիանա Մարտիրոսյանը․ «Այս ցուցադրությունը կարիք չունի ներկայացնելու բառերով․ դուք կարող եք աշխատանքներով արդեն իսկ կարծիք կազմել»,-ասաց նա։

Իսկ ըստ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դանիել Երաժիշտի՝ լուսանկարիչները լուրջ առաքելություն ունեն, քանի որ նրանք հավերժացնում են պահը։

Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարները՝ Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930