Բարեգործությունն իբրև աստվածահաճո ձեռնարկ, գուցե կարելի է այսպես ընկալել 11 հոլանդացի 14-ամյա դպրոցականների Իխտուս քոլեջից և նրանց 3 ղեկավարների ներդրում կատարելու գովելի արարքը։ Երեխաների այցը Հայաստան իրագործվել է Դիակոնիայի գործընկեր հոլանդական Kom over en Help բարեգործական հիմնադրամի ուղեկցությամբ։ Մեծագույն հարգանքի արժանի պատանիների դրամահավաքը սոսկ դրամահավաք չէ։ Նրանք այդ դրամը ձեռք են բերել սեփական աշխատանքի արդյունքում՝ ոմանք խմորեղեն են թխել ու վաճառել, ուրիշները՝ մեքենա են լվացել հասույթը հատուկ Հայաստանի կարիքավորներին նվիրաբերելու համար։ Փաստերն ինքնին հուզիչ են ու խոսուն։
Տարբեր նախագծերում կատարելով իրենց ներդրումները՝ այս հիասքանչ պատանիներն ու աղջիկները եկել են անձամբ ծանոթանալու այն երկրին, որն հսկայական տառապանքի ուղիով է անցնում դեպի նոր կյանք։ Նրանց մեջ խոսում է ապրումակցումը, մարդկային այն առաքինությունը, առանց որի մարդը կարող է սոսկ գոյատևել, բայց երբեք չի կարող ասել, որ լիարժեք կյանք է վարում։ Նմանին սատար կանգնելու մարդկային հատկությունը միայն բարեգործության ու Աստծուն հավատալու մասին չէ, որ վկայում է։ Եթե կարողանում ես ընկալել դիմացինի տառապանքը և ջանք ես թափում օգնության ձեռք մեկնելու, ուրեմն հարգանքի ես արժանի։ Այս երևույթը չպետք է ընկալվի միակողմանի՝ բարեգործությունը դիմացինի հոգին ջերմացնում է հենց այն պատճառով, որ դու շահ չես հետապնդում և անում ես սիրով ու նվիրումով, սակայն երկրորդ կողմը նույնպես զորավոր է՝ քո այդ քայլով բարձրացնում ես ինքնահարգանքդ, ինքնավստահությունդ, ինքնագնահատականդ։ Հոգեբանական տեսակետից այս մոտեցումը կարելի է ձևակերպել այսպես՝ իրական երջանկությունը գալիս է այն պահին, երբ գիտակցում ես սեփական արժեքիդ կարևորությունը՝ արել ես մի քայլ, որով փոքրացրել ես դիմացինի տառապանքը։
Մարդկային առաքինությունն ու բարությունը ազգային որակներ չեն, դրանք համամարդկային են։ Մեր զրույցը, որի կայացման համար երախտապարտ ենք երեխաներին Հայաստանում առաջնորդող մեր չքնաղ թարգմանչուհի հայ-հոլանդուհի Նաիրա Վան Խեյնհաուզենին, որն ամենայն համբերատարությամբ էր թարգմանում իմ հայերեն և անգլերեն խոսքը և երեխաների հոլանդերենը։
Ավելացնեմ, որ սեփական արժանապատիվ արարքի գիտակցումը այս հրաշալի հոլանդացի երեխաներին, որոնք դրամահավաքի կազմակերպանն ու մասնակցությանը գնացել են սեփական ցանկությամբ ու առանց հարկադրանքի, անշուշտ նաև նրանց հետ աշխատող մեծերի առաքինության մասին է վկայում։ Անշուշտ այս հարցում էական դեր ունի Նիդերլանդների թագավորության կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող կայուն քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Նաիրա Գասպարյան