Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել»․ Պարույր Հովհաննիսյանը հաստատում է Բրյուսելում ՀՀ դեսպանին Ադրբեջանի դեսպանի կողմից սպառնալը

Նոյեմբեր 05,2024 11:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաեւ ԵՄ-ին։ Այդ հարցով, իմ կարծիքով, հետաքննություն է ընթանում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով երեկ տարածված տեղեկությանը, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին։

Հիշեցնենք, Politico պարբերականը գրել է, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում գտնվող այլ դիվանագիտական ներկայացուցչություններ այն բանից հետո, երբ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարն ասել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել իր ադրբեջանցի գործընկերոջից։ Պարբերականի ձեռքի տակ հայտնված նամակում, որն անցյալ շաբաթ տարածվել էր բանագնացների շրջանում, նշվել է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակման և ահաբեկման է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վ․ Սադիկովի կողմից։ Հոդվածում նշվել է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի «Tangla» հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել էր Թուրքիայի դեսպանատան կողմից՝ ի պատիվ երկրի ազգային տոնի: Այնուամենայնիվ, Politico-ի հետ զրույցում, Սադիկովը հերքել է միջադեպը, ասելով, որ նման մեղադրանքները «ծիծաղելի են դառնում»․ «Ես տեղյակ չեմ որևէ նամակի կամ պնդումների մասին. հայ դիվանագետները կարող են պահանջել այն, ինչ ուզում են»։

Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է այլ մեկնաբանություններ տրամադրել։ Թուրքիայի դեսպանատունը չի պատասխանել տեղեկատվության հարցմանը։

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ վերջերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած այն հայտարարությանը, որ Ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորումը, որը բավականին ամբիցիոզ ծրագրով է ու մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարեւոր հարցերից մեկը, խոսքը գնում էր առաջնահերթ լինել-չլինելու մասին»,- մանրամասնեց Պարույր Հովհաննիսյանը։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ որոշվեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱԳՆ-ի համար առաջնահերթություն չէ, ԱԳ փոխնախարարն ասաց, որ խոսքը առաջնահերթությունների մասին է, բայց այլ տեսանկյունից իրենք անում են մի շարք քայլեր, օրինակ՝ Ցեղասպանության կանխման առումով։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցերին էլ փոխնախարարը պատասխանեց, որ Թուրքիայի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունեցել․ «Առայժմ, սակայն, արդյունքների մասին խոսել չեմ կարող, բայց, երեւի, նկատել եք, որ աննախադեպ ակտիվ էր հանդիպումների ու շփումների առումով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930