«Պարոն Խաչատրյան, մի արեք։ Դուք նախարար եք եղել․․․դա կենցաղային․․․ԵՄ-ն եթե զգա՝ վարկառուն պարտքի մեջ թաղվող է, երբեք չի տա»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Ընդդիմադիր պատգամավորն այս անգամ էլ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանից էր հետաքրքրվում ԵՄ-ի՝ ՀՀ-ին տրամադրած գումարների մասին՝ փորձելով հստակեցնել, դրա ո՞ր մասն է օգնություն, ո՞ր մասը՝ վարկ՝ շուկայական տոկոսներով։ Նրա գնահատմամբ, Եվրոպան Հայաստանին «թաղում է» վարկերի մեջ։
Պատգամավորը հետաքրքրվեց՝ 1991 թվականից առ այսօր ՎԶԵԲ-ը որքա՞ն գումար է Հայաստանին տվել, որը՝ ի՞նչ պայմանով։ Արման Եղոյանը պատասխանեց․ «Դուք կիմանաք, պարոն Խաչատրյան։ Դուք եք 1991 թվականից պաշտոնների․․․»։
«Իյա, 1991 թվականից ձեր Լեւոն Տեր-Պետրոսյանն էր պաշտոնի, էս ի՞նչ հեքիաթներ եք պատմում»,- հակադարձեց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ինքը փորձում է հասկանալ, թե ՀՀ կառավարության հայտարարությունները՝ դեպի ԵՄ գնալու մասով, ի՞նչ նյութական արդյունք են տվել, ՔՊ-ականները հայտարարում են՝ «ՎԶԵԲ-ը մեզ վարկ է տվել»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ