Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ գումար է Ադրբեջանը պահանջում Հայաստանից, հայտնի չէ, քանի որ արբիտրաժային վարույթները գաղտնի են. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2024 11:32

Ադրբեջանը միջազգային դատարաններում իր դեմ Հայաստանի ներկայացրած հայցերն էլ է համարում իր «տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ»։ ՄԻԵԴ-ում Հայաստանի` 4, իսկ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում` ընդդեմ Ադրբեջանի, 1 միջպետական գանգատ կա։ ՄԻԵԴ-ում ներկայացված գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո արձանագրված խախտումներին, գերեվարված անձանց դատավարություններին եւ ապօրինի բանտարկության խնդիրներին, ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ներխուժմանը, դրա հետեւանքով առաջացրած մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաեւ՝ խախտումներին, որոնք տեղի են ունեցել Արցախի տարածքում, այդ թվում՝ էթնիկ զտմանը։ Ըստ էության, եթե ՀՀ իշխանությունը հետ վերցնի միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատները, ստացվելու է, որ Հայաստանն ասում է՝ այդ ամենը տեղի չի ունեցել, այսինքն՝ Ադրբեջանը հայերի դեմ խտրականության ու ատելության հետ կապված որեւէ գործողություն չի իրականացրել։
Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը բացատրում է՝ միջազգային դատարանի որոշման արժեքը շեշտակի նվազում է, եթե գործընթացի քաղաքական, դիվանագիտական հիմքը բացակայում է: Հենց դրանով միջազգային իրավունքը  ֆունդամենտալ կերպով տարբերվում է ազգային իրավունքից, որտեղ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն իրավական գործընթացների վրա, չպետք է որոշիչ լինեն։ Եվ քանի որ միջազգային հարաբերությունների գործիքակազմում դիվանագիտությունը եւ միջազգային իրավունքը գործում են որպես փոխլրացնող գործիքներ, դատական գործեր շարունակելը, երբ դիվանագիտական եւ քաղաքական դաշտում դրան ամբողջությամբ հակառակ գործընթացներ են տեղի ունենում, եւ գործող «իշխանությունների» կողմից ուղղակի հակադրվող քաղաքական դիրքորոշում է բարձրաձայնվում, փաստացի կարող է դառնալ անիմաստ (առնվազն մինչեւ չփոխվեն քաղաքական եւ դիվանագիտական մոտեցումները): Ավելին, նշված քաղաքական մոտեցումներն իրավական գործընթացների համար լրջագույն ռիսկեր են ստեղծում:

«Եթե այս մի հոգին ասել է, որ Արցախի ժողովրդին վտանգ չի սպառնում, եթե Հայաստանը փոխում է պատմության դասագրքերը, հրաժարվում է Արցախից եւ պահանջատիրությունից, միջազգային իրավական հարցերը վերաձեւակերպում է որպես սովորական պատմագետների համար նախատեսված հարցեր, պատկերացնենք՝ փորձում է քրեական հետապնդման ենթարկել Արցախյան առաջին եւ հաջորդած պատերազմների մասնակիցներին եւ Ադրբեջանը հռչակում բարեկամ պետություն, Ադրբեջանի համար գործի շարունակելիությունը դառնալու է իմաստազուրկ (նաեւ դատարանի համար՝ խնդրահարույց), որովհետեւ ստացվում է, որ Հայաստանն այլեւս իրենց ընկալած խտրականությունը վերացրել է: Նույնիսկ էական էլ չէ, որ ադրբեջանական պնդումները հիմնազուրկ են, եւ առնվազն այնքանով, որքանով որ տեղեկատվություն է առկա, էապես զիջում է Հայաստանի Հանրապետության համապատասխան դիմումի հիմնավորումներին: Կամ՝ պատկերացնենք (զուտ տեսական վարժանք է, պրակտիկորեն, ցավոք, չեմ պատկերացնում նման իրավիճակ)․ եթե Ադրբեջանը հայտարարի, որ Ադրբեջանը 20-րդ դարում պատմական հայկական տարածքում ստեղծված պետություն է, մի հոգու նման ասի՝ սա Ադրբեջան պետությունն է, բայց իրականում այն ստեղծվել է պատմական հայկական տարածքում, դադարի յուրացնել եւ ոչնչացնել, վերականգնի հայկական պատմական հուշարձանները, պատասխանատվության ենթարկի ռազմական հանցագործներին, պատժի եւ արգելի հայատյացության բոլոր դրսեւորումները, ամբողջությամբ փոխվի հռետորաբանությունը եւ այլն, Հայաստանի Հանրապետության կողմից գործը շարունակելը կդառնա անիմաստ»,- բացատրում է Օրբելյանը:

Նրա խոսքով՝ նշվածը շատ տեսական վարժանք է, եւ ակնհայտ է, որ նման իրավիճակ բացառված է, հետեւաբար՝ ՀՀ-ն ոչ թե պետք է հրաժարվի դատական գործընթացներից, այլ ընդլայնի իրավական գործիքները եւ շտկի քաղաքական գործընթացները՝ դրանք առավել համահունչ դարձնելով իրավական մոտեցումներին (Հայաստանի Հանրապետության մոտեցումն Ադրբեջանին պետք է լինի այնպիսին, ինչպիսին կարող է լինել միջազգային հանցագործ, ահաբեկչական եւ ռասիստական, ցեղասպան պետության հետ, եւ գործընթացները պետք է իրականացվեն հենց այդ լույսի ներքո): Արամ Օրբելյանն առավել պրոբլեմատիկ է համարում ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, թե ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգի առաջնահերթություն չէ, մի բան, որը հակասում է ՀՀ բոլոր ֆունդամենտալ փաստաթղթերին, այդ թվում՝ գործող կառավարության ծրագրին։ «Ոչ ոք նրան չհարցրեց՝ դա  Արարատ Միրզոյանի՝ որպես Օմեգայի՞ հայտարարությունն էր, թե՞ որպես ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը»,- նկատում է Օրբելյանը։
Իսկ այն ընթացքում, երբ ՔՊ-ական պաշտոնյաները՝ ամենաբարձր մակարդակով, չեն բացառում Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարվելու հնարավորությունը, Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի Հաագայի մշտական արբիտրաժային դատարան է հայցեր ներկայացրել՝ աննախադեպ ֆինանսական փոխհատուցման պահանջով` «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»։

2023թ․ հունվարին Մշտական արբիտրաժային դատարան ներկայացված առաջին հայցը՝ ընդդեմ Հայաստանի, առնչվում է Վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիային, իսկ փետրվարին ներկայացվածը՝ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագրին։ Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացումը «տարածաշրջանում գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում է առաջացրել»։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարածաշրջանում առկա այլընտրանքային էլեկտրաէներգիայի ռեսուրսները (հիդրո, քամու եւ արեւի) օգտագործելու արգելքի մեջ։

«Այսինքն՝ եթե Հայաստանը պարտվի, ինչ-որ «իքս» գումար պետք է հատուցի Ադրբեջանին, խոսքը մեծ գումարի մասին է, քանի որ գործ ունենք բնապահպանական խնդրի հետ։ Երկու հայցով էլ նույն պահանջի տեսակն է ներկայացված, եթե մենք հաղթենք, հայցերը մերժվելու են։ Ես տեղյակ չեմ՝ Հայաստանը հակընդդեմ հայցեր ներկայացրե՞լ է, թե՞ ոչ»,- «Հրապարակ»-ին ասում է Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը՝ շարունակելով, որ միջազգային իրավունքում չի եղել նախադեպ, երբ պետություններից որեւէ մեկը բնապահպանական վնասի համար դրամական փոխհատուցում պահանջի։ Թե ինչ գումար է Ադրբեջանը պահանջում Հայաստանից, հայտնի չէ, քանի որ արբիտրաժային վարույթները գաղտնի են, բայց Ադրբեջանը, Սարգիս Գրիգորյանի խոսքով, պարբերաբար մամուլի հաղորդագրություններ է հրապարակում՝ պահանջի տեսակի ու պահանջի մասին:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930