Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորներ, ի թիվս այլնի, պահանջում են հայ գերիների ազատ արձակում

Նոյեմբեր 05,2024 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP 29-ին ընդառաջ, միտված էին բարձրացնելու նրանց իրազեկվածությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքում Եվրոպական խորհրդարանի թվով 52 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները ներկայացնում են Եվրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաև անկախ պատգամավորներ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից ընդունված հայտարարության առթիվ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․

«Եվրոպական Խորհրդարանի անդամների այս կոչը հստակ ազդանշան է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ ԵՄ ղեկավարությանը COP29-ից անմիջապես առաջ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակաբար աշխատում է խորհրդարանի անդամների հետ՝ հայտարարության մեջ ընդգրկված հարցերի վերաբերյալ, և մենք երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանին առհասարակ՝ արդարության ձայնը լինելու համար։ Ավելորդ է ասել, որ Հայ դատի գրասենյակը, որպես եվրոպական համայնքային կազմակերպություն, կշարունակի աշխատել, որպեսզի հաշվետվողականության և ազդեցիկ քայլերի մղի ԵՄ գործադիր իշխանություններին։

Հայտարարություն Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ

2024 թ. նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մենք ցանկանում ենք ընդգծել, որ բացի կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալից համաժողով լինելուց, այն նաև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Ուստի ընդունող երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանի համար պետք է առաջնահերթ նշանակություն լինի հավատարմությունն այս սկզբունքներին:

Համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2021 թ․ մայիսից ընդունված համապատասխան բանաձևերի և զեկույցների՝  մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում.

  • անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը
  • Ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ վանքերը, խաչքարերը, մնան անձեռնմխելի և զերծ «ալբանացումից», ինչպես նաև պատմության վերախմբագրումից
  • ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Ավելին, մենք ԵՄ խորհրդին, Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին կոչ ենք անում հաշվի առնել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված վերոհիշյալ բանաձևերն և գործել դրանց ոգուն համապատասխան։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930