Լրահոս
Օրվա լրահոսը

Նորիկ Եղիազարյան. Ուզում են փոխել, թող դրսում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնեն. «Հրապարակ»

Նոյեմբեր 05,2024 10:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակը» գրել էր, որ Փաշինյանի ռեժիմը, իշխանությունը հավերժ պահելու համար, Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ է ձեռնարկել: Առաջարկվող կարգավորումներով՝ ընդհուպ նախատեսում են նոր քվեարկության կազմակերպում, եթե, ասենք, քվեարկության արդյունքները չբավարարեն Փաշինյանին: Օրենքում կետ են ավելացրել, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կասեցվում են ընտրությունները, իսկ արտակարգ դրության ռեժիմը դադարելուց հետո նոր քվեարկություն են անցկացնում:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Նորիկ Եղիազարյանը, որն Ընտրական օրենսգրքից եւ դրա բացերից քաջատեղյակ է, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ինքը բացառապես արդարության կողմնակից է, թեպետ աջակցում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, սակայն զարմանում է։ «Ինչպե՞ս թե` Փաշինյանին չբավարարելու դեպքում կարող է նոր ընտրություն լինել, մի՞թե նման բան կարող է լինել: Ես դեռեւս չեմ ծանոթացել նոր նախագծին, սակայն եթե իշխանությունը նման մտադրություն ունի, ես պետք է ասեմ, որ կողմ եմ արդարությանը: Ինձ համար արդարությունն ամենակարեւորն է: Պրակտիկայում արդարացված բան է, որ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ լինել չեն կարող, պետք է դրանից հետո լինեն ընտրություններ, քանզի արտակարգ դրության պայմաններում կայացած ընտրությունները երաշխավորված չեն օբյեկտիվության առումով: Կարող է այդ ճանապարհով ընտրողներն իրենց ճիշտ կամքը չարտահայտեն: Օրինակ` եթե փոփոխություն են ցանկանում, ապա կարող են այլ լիքը փոփոխություններ կատարել, օրինակ` նախկին ԽՍՀՄ բոլոր պետություններում, ինչպես նաեւ աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, կա կարգ, համաձայն որի` համապետական ընտրությունների ժամանակ արտերկրում գտնվող քաղաքացին, օրինակ` անձը, որը ՀՀ քաղաքացի է, բայց ապրում է ՌԴ-ում, պետք է ստանա քվեարկելու իրավունք այն երկրից, որտեղ ինքն այդ պահին գտնվում է: Հայաստանում այդ օրենքը գործում էր մինչեւ 2007 թվականի հունվարը, դրանից հետո այդ կարգը վերացվեց, եւ սահմանվեց օրենք, ըստ որի` ընտրություններին կարող է մասնակցել բացառապես այն ՀՀ քաղաքացին, որն այդ ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում: Ես մի հոդված էլ ունեմ այդ մասին… ի՞նչ մեղք ունի այն քաղաքացին, որը նյութական կարիքները հոգալու համար գտնվում է արտերկրում, ինչպե՞ս կարելի է նման մարդկանց ստիպել, որ գան Հայաստան` քվեարկեն ու գնան: Դա մարդու իրավունքների խախտում է` բոլոր առումներով: Ստացվում է, որ մարդիկ, իրենց կամքից անկախ, ընտրական պրոցեսներից դուրս են մնում: ԱՄՆ-ում անգամ փոստային համակարգով կա ընտրությանը մասնակցելու իրավունք: Կարելի է փոփոխության ենթարկել նաեւ իշխող մեծամասնությանը բոնուսի իրավունք տալու հանգամանքը, ավելի ճիշտ` այն պետք է ընդհանրապես վերացնել: Ասում են` այն կուսակցությունները, որոնք համեմատաբար քիչ տոկոսներ են ստացել, նրանց լրացուցիչ տեղեր են տրվում, ստացվում է, որ խորհրդարան են մտնում անձինք, ովքեր չունեն արժանիքներ, եւ հետո խախտվում է ընտրողի կամքը: Այսինքն` ուռճացնում են նմաններին, չես հասկանում, թե ինչու։ Այ, թող դրա մասին մտածեն»,- նշեց Եղիազարյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930