Երեւանի ավագանու անկախ անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ահազանգի հետքերով այցելել է Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է ճշտել նրանից: Պարզվում է՝ 4-րդ դասարանցիների մեջ վիճաբանություն է ծագել եւ փորձել են նեղացնել արցախցի երեխայի՝ նրան անվանելով «քոչվոր», «անհայրենիք»:
— Պարոն Մովսիսյան, տեղեկացանք, որ անմիջապես արձագանքել եք տեղի ունեցածին եւ այցելել դպրոց: Ի՞նչ է իրականում կատարվել:
— Ահազանգը հետեւյալն էր՝ երկու 4-րդ դասարանի աշակերտ վիճել են եւ մեկը մյուսին անվանել է «քոչվոր», քանի որ վերջինս եկել է Արցախից: Անմիջապես այցելեցի դպրոց ու հանդիպեցի դպրոցի տնօրենի, ուսումնական գծով ղեկավարի, հոգեբանի եւ դասվարի հետ: Անշուշտ, եղավ բուռն խոսակցություն: Գնացի անմիջապես խնդրի առարկա հանդիսացող դասասենյակ, որտեղ երգի դասաժամ էր: Խոսեցի երեխաների հետ, բացատրեցի հայրենիքի նշանակությունը՝ շեշտը դնելով Արցախի վրա եւ օրինակ բերեցի մեր հերոս տղաներին, ովքեր նահատակվել են հանուն մեր Արցախ հողի: Հուսամ՝ այցս եւ խոսքս երեխաների վրա ազդեցություն կթողնի: Թեեւ նման հարցերում պետք է համատեղ աշխատեն՝ ծնողը, ուսուցիչը, հոգեբանը: Պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն հայրենաճանաչության վերաբերյալ, քանի որ եղավ նույնիսկ երեխա, ով ասաց, թե՝ ինքը արմատներով լոռեցի է, սակայն հայ է: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք երեխաններին, հատկապես չափահասության շրջանում գտնվող պատանիներին բացատրելու, որ բոլորս ենք հայ՝ անկախ տարածաշրջանից:
Նանա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: